ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
20.03.2024
Անտառային տնտեսություններում վերահսկողությունը խստացվում է

Շաբաթը 7 օր, 24 ժամ ռեժիմով՝ պահպանություն. անտառային տնտեսություններում վերահսկողությունը խստացվում է
Ընթացիկ տարվա հունվարից հանրապետությունում անտառների պահպանության հիմնական գործառույթը տրվել է նոր ստեղծված էկոպարեկային ծառայությանը։ Այն իր պահպանության տակ է վերցնում անտառային ու հատուկ պահպանվող տարածքները։  
«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Սևակ Մարկոսյանը նշել է, որ սա շատ կարևոր նախաձեռնություն է՝ ուղղված անտառների պահպանության մակարդակի բարձրացմանը։
«Իրականացվելու են առավել խստացված ռեժիմով անտառի պահպանության աշխատանքներ։ Էկոպարեկները վերահսկողություն են իրականացնելու անտառներում ու անտառներին մոտ գտնվող ճանապարհների վրա։ Նրանք իրականացնելու են ստուգումներ, հետևելու են անտառի փայտանյութի տեղաշարժին, ուշադրության կենտրոնում են պահելու ապօրինի որսը, հողի հարթեցման, հողի տեղափոխման աշխատանքները, ջրային ռեսուրսների պահպանությունը և այլն»,-ասել է Սևակ Մարկոսյանը։
Էկոպարեկները անտառի պահպանության գործում տեխնիկական լայն հնարավորություններ են ունենալու։ Ձեռք են բերվելու ժամանակակից սարքավորումներ, դրոններ, պարեկները շրջելու են ամենագնաց ավտոմեքենաներով։ Անտառներում գործարկվելու են ձայնի, ծխի ազդանշանային սարքեր, որոնց տեղեկությունը ստացվելու է կենտրոնական կառավարման համակարգում, ըստ այդմ էլ իրականացվելու են հրատապ գործողություններ։  Ակնկալվում է, որ մինչև տարեվերջ էկոպարեկներն արդեն գործնականում կաշխատեն։
«Էկոպարեկները ծառայություն են իրականացնելու շաբաթը 7 օր 24 ժամ ռեժիմով։  Սա շատ կարևոր է, որովհետև վիճակագրությունը ցույց է տալիս, որ խախտումները, ապօրինությունները լինում են ոչ աշխատանքային օրերին ու ոչ աշխատանքային ժամերին»,-ասել է Սևակ Մարկոսյանը։
«Իմ անտառ Հայաստան» բնապահպանական հասարակական կազմակերպության փոխտնօրեն, «Հայաստանի անտառային դաշինքի» ներկայացուցիչ Լիլիթ Մարտիրոսյանը նշել է, որ ողջունում են էկոպարեկային ծառայության հիմնումը։ Նրա կարծիքով՝ դա ուժեղ ուղերձ է, բավական մեծ անձնակազմ է ներգրավվելու։
«Անտառն ազգային հարստություն է։ Հաճախ շատերն անտառների դերը էսթետիկ են պատկերացնում, թվում է՝ գեղագիտական նշանակություն ունեն, սակայն իրականում անտառները դրանից զատ ունեն խիստ ռազմավարական նշանակություն։ Անտառները ջրային ռեսուրսների պահպանման երաշխիք են, պաշտպանում են հողը էրոզիայից, դա նշանակում է չենք կորցնում հողի բերքատվությունը, թթվածինը, անտառն օդը մաքրելու կարևոր աղբյուր է և այլն։ Անտառների պահպանության ոլորտի խնդիրները շատ են։ Կարող եմ առանձնացնել անտառային տարածքներում կենդանիներին արածեցնելը, ծառահատումները, թեպետ այս առումով որոշակի առաջընթաց կա, թվերը կրճատվել են, մյուս խնդիրը վայրի տարածքները, արոտավայրերը հրդեհելն է, ինչը վտանգավոր է և կրակը հասնում է անտառային շերտեր»,-ասել է Լիլիթ Մարտիրոսյանը։