ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
21.03.2024
«Մենք ենք մեր անտառներրը». ազդագրերի բացօթյա ցուցահանդես

Անտառների միջազգային օրվա կապակցությամբ այսօր  տեղի ունեցավ «Մենք ենք մեր անտառները» ազդագրերի բացօթյա ցուցահանդեսի բացման միջոցառումը:
Երկամսյա այս ցուցահանդեսը նպատակ ունի բարձրացնել մոլորակի վրա կյանքի հավասարակշռության պահպանման համար անտառների առանցքային դերի և դրանց պաշտպանության կարևորության մասին իրազեկվածությունը, ինչպես նաև խթանել անտառվերականգնման աշխատանքները Հայաստանում:
Բացման արարողությանը ներկա էին Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական, անտառվերականգնման աշխատանքային խմբի ղեկավար Համբարձում Մաթևոսյանը, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանը, պետական, մասնավոր և միջազգային կազմակերպությունների ղեկավար ներկայացուցիչներ։
Ցուցահանդեսի նախաձեռնողներն են «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն, Բնության համաշխարհային հիմնադրամը և «Էյ-Թի-Փի» հիմնադրամը, իսկ համադրումն ու իրականացումը ԱՀԱ կոլեկտիվինն է։ Ցուցահանդեսին ֆինանսապես աջակցել է նաև Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալությունը։
Այն ուղղված է լայն հանրությանը` գեղարվեստական մոտեցմամբ և ուժեղ ուղերձով։
Միջոցառման մեկնարկին Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը ողջույնի իր խոսքում շնորհավորեց ներկաներին Անտառների միջազգային օրվա կապակցությամբ և նշեց, որ կառավարության և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ համագործակցությունը առանցքային է Հայաստանի անտառածածկույթն ընդլայնելու կառավարության առաքելության մեջ։
«Այս նպատակներին հասնելու համար լայն հանրությունը պետք է տեղեկացված և ներգրավված լինի, ուստի իրազեկման միջոցառումների կարևորությունը հնարավոր չէ գերագնահատել»,- եզրափակեց նախարարը։
Վարչապետի գլխավոր խորհրդական Համբարձում Մաթևոսյանն իր ելույթում նշեց, որ առանց համագործակցության դժվար կլինի անտառվերականգնման հավակնոտ նպատակներին հասնել։
Կառավարությունը նպատակ ունի մինչև 2030 թվականն ունենալ 12,9% անտառածածկ՝ համագործակցելով գործընթացում ներգրավված բոլոր դերակատարների հետ:
Ցուցահանդեսի նախաձեռնողները՝ «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ի, Բնության համաշխարհային հիմնադրամի և «Էյ-Թի-Փի» հիմնադրամի ղեկավարներն իրենց խոսքում կրկին կարևորեցին պետություն-մասնավոր համագործակցությունը և նշեցին, որ անտառային էկոհամակարգի բարելավումն ու պահպանումը շարունակական աշխատանք է, և այս աշխատանքը հանրության ուշադրության կարիքն ունի։
Մեր բնական ժառանգության պահպանման հավաքական հանձնառությամբ` ցուցահանդեսը կներկայացնի հայտնի հայ արվեստագետների կողմից ստեղծված ազդեցիկ ազդագրեր, որոնք կանդրադառնան անտառների  պահպանման տարբեր խնդիրներին և անհապաղ գործողությունների անհրաժեշտությանը: Այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալ արվեստի գործերին և տեղեկանալ  անտառների բազմակողմանի դերի, ինչպես նաև Հայաստանի անտառների պաշտպանության  կարեւորության մասին:
Միացե՛ք մեզ՝ պաշտպանելու մեր անտառները և մեր մոլորակի կայուն ապագան: