ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
02.02.2024
Շինարարական կլիմայաբանության նորմերը կփոխվեն

Շինարարական կլիմայաբանության նորմերը կփոխվեն՝ հաշվի առնելով կլիմայի տաքացման ահագնացող տեմպերը:
Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից վերամշակվել են «Շինարարական կլիմայաբանություն» ՀՀ շինարարական նորմերը։
Նորմերի վերանայումը հնարավորություն կտա կառուցապատումից առաջ հաշվարկները կատարել ավելի ճիշտ  հետագա խնդիրներից խուսափելու համար։ Տանիքների ձյան բեռնվածություն, քամու առավելագույն արագություն, ինչպես նաև նվազագույն և առավելագույն ջերմաստիճաններ՝  բոլոր առումներով, եթե նշված նորմատիվները կիրառվեն շինարարության մեջ, ապա դա միայն դրական ազդեցություն կունենա որակյալ շինարարական աշխատանքներ կատարելու համար։
«Շինարարական կլիմայաբանության մեջ ներկայացված են կլիմայական հարաչափեր, այսինքն՝ պարամետրեր, որոնք կիրառվում են շենքերի և շինությունների, ջեռուցման, օդափոխության, օդի լավորակման, ջրամատակարարման համակարգերի նախագծման, ինչպես նաև քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծման և կառուցապատման խնդիրներում: Մեր ունեցած նորմերը վերանայելու անհրաժեշտություն է առաջացել՝ հաշվի առնելով կլիմայի տաքացման ահագնացող տեմպերը և՛ աշխարհում, և՛ Հայաստանում»,-ասուլիսի ընթացքում նշել է ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
Վերջին 90 տարվա ընթացքում, օդերևութաբանական դիտարկումների համաձայն, ամենատաք չորս տարիները Հայաստանում դիտվել են 2010, 2018, 2021 թվականներին։ Ջերմաստիճանի բարձրացումն առավել արագ է տեղի ունենում ամռան սեզոնին, ինչն արտահայտվում է ջերմային ալիքների և սաստիկ շոգերի հաճախականության զգալի աճով։
Շինանրարական նոր նորմերը հաստատված են ու  հրապարակված են իրավական ակտերի միասնական կայքում։