ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
05.08.2022
Աշխատաժողով` նվիրված անտառների գույքագրման և մոնիթորինգի գործընթացներում շահագրգիռ կողմերի որոշմանը, կարիքների և առկա հնարավորությունների գնահատմանը


Աշխատաժողով` նվիրված անտառների գույքագրման և մոնիթորինգի գործընթացներում շահագրգիռ կողմերի որոշմանը, կարիքների և առկա հնարավորությունների գնահատմանը «Հայաստանում անտառների դիմակայության բարձրացում՝ մեղմացման միջոցառումների շնորհիվ հարմարեցման և գյուղական վայրերում կանաչ տարածությունների ընդլայնման միջոցով» ծրագրի շրջանակում այսօր կայացել է մեկնարկային աշխատաժողով՝ նվիրված անտառների գույքագրման և մոնիթորինգի գործընթացներում շահագրգիռ կողմերի որոշմանը, կարիքների և առկա հնարավորությունների գնահատմանը։ 
Աշխատաժողովին մասնակցել են ՇՄՆ «Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Լևոն Ազիզյանը, Անտառային կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Սերգո Աթանեսյանը, նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ղեկավարներ, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխամասային գրասենյակի անտառների գծով պատասխանատու Դեյվիդ Մորալեսը, ՊԳԿ-ի անտառային տնտեսության միջազգային խորհրդատու Անտոնին Կուսբախը, գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Միջոցառմանը բացման խոսքով և ելույթով հանդես է եկել Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը։
Ողջունելով մասնակիցներին՝ նախարարի տեղակալը առանցքային է համարել ոլորտում անտառային տարածքների սահմանների սահմանման ու սահմանազատման, անտառների գույքագրման, տնտեսական միջոցառումների իրականացման խնդիրները։
«Անտառների մոնիթորինգի գործունեությունը նպատակաուղղված է ՀՀ-ի համար կարևորագույն բնական ռեսուրսներից մեկի՝ անտառային էկոհամակարգերի պահպանությանն ու ընդլայնմանն ուղղված համապարփակ դիտարկումների և ուսումնասիրությունների իրականացմանը։ Ներկայումս ոլորտում իրականացվում են կայուն անտառակառավարման գործընթացին աջակցող մի շարք դիտարկում – ուսումնասիրություններ։
Հայաստանի կառավարությունը շրջակա միջավայրի պահպանության և, մասնավորապես, անտառների կայուն կառավարման խնդիրները համարում է ազգային և պետական առաջնահերթություններից մեկը, քանի որ կայուն կառավարման դեպքում անտառներն անփոխարինելի դեր են խաղում կլիմայի փոփոխության հետևանքների մեղմացման և կենսաբազմազանության պահպանման գործում»,-նշել է նախարարի տեղակալը։ 
Նախարարի տեղակալը վստահություն է հայտնել, որ ծրագիրը զգալի ներդրում կունենա կլիմայի փոփոխության հետևանքները մեղմելու անտառների հսկայական ներուժի ամրապնդման ռազմավարության իրականացման գործում՝ հիմնականում նվազեցնելով անտառների դեգրադացիան: 
Լայն քննարկումներ են ծավալվել անտառների գույքագրման և մոնիտորինգի նպատակների, Հայաստանի անտառների վերաբերյալ առկա տեղեկատվական կարիքների, ինչպես նաև ԱԳՄ մշակմանը և իրականացմանը նպաստող՝ շահագրգիռ կողմերի վերաբերմունքի և կարողությունների շուրջ։
Տեղեկացնենք, որ 8-ամյա ծրագիրը իրականացվելու է ՄԱԿ-ի ՊԳԿ-ի և նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի կողմից։ Ծրագիրը ֆինանսավորվում է Կանաչ կլիմայի հիմնադրամի, ՀՀ կառավարության, Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի, Իտալիայի Բոլցանո ինքնավար նահանգի, Ավստրիական զարգացման գործակալության, Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից։