Շրջակա միջավայրի նախարարությունում նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի գլխավորությամբ անցկացվեց Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող վերահսկողության ուժեղացված միջոցառումների և ներգրավված գերատեսչությունների փոխգործակցության ծրագրի իրականացմանն առնչվող աշխատանքների մեկնարկային հանդիպումը։
Հանդիպմանը մասնակցեցին Շրջակա միջավայրի նախարարության, Էկոպարեկային ծառայության, «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Ներքին գործերի նախարարության, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի, ինչպես նաև Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները։
Նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը ներկայացրեց գործընթացը, շեշտեց պատասխանատու կառույցների համատեղ աշխատանքի անհրաժեշտությունը, անդրադարձավ հարակից համայնքների սոցիալական խնդիրների համակարգված լուծումների անհրաժեշտությանը, ինչպես նաև կարևորեց սիգի կենսապաշարի պահպանությանն ուղղված արդյունավետ և համակարգված միջոցառումների իրականացումը։
Հիշեցում
Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված՝ 2025 թ. նոյեմբերի 20-ից մինչև 2026 թ. փետրվարի 1-ը Սևանա լճում և Հայաստանի ողջ տարածքում կիրականացվեն վերահսկողության ուժեղացված միջոցառումներ։
Սևանա լճում սիգի որսը թույլատրելի կլինի միայն 2026 թվականի համար սահմանվող արդյունագործական որսի չափաքանակների հաստատումից և նոր պայմանագրերի կնքումից հետո։






