ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
08.02.2024
Նախարար Հակոբ Սիմիդյանը ներկայացրել է Սևանա լճում սիգի արդյունագործական որսի չափաքանակը հաստատելու մասին որոշումը

Մինչև 2024 թվականի սեպտեմբերի 1-ը ձկնորսները կարող են դիմել շուրջ 257 տոննա քվոտայի շրջանակում օրինական որս իրականացնելու համար. նախարար Հակոբ Սիմիդյանը ներկայացրել է Սևանա լճում սիգի արդյունագործական որսի չափաքանակը հաստատելու մասին որոշումը:
Նախարար Հակոբ Սիմիդյանը  Կառավարության այսօրվա նիստում քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 28-ի N 1656-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծը։
«2024 թվականին Սևանա լճում սիգի արդյունագործական նպատակներով որսի չափաքանակների սահմանման համար հիմք են հանդիսացել 2023 թվականի ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի  Սևանա լճում իրականացված գիտական որսի ուսումնասիրություններն ու կենտրոնի հետ իրականացված քննարկումների արդյունքները:
Ուսումնասիրությունների արդյունքնում ձեռք բերված տվյալների հիման վրա Գիտական կենտրոնի կողմից Սևանա լճում սիգի ընդհանուր պաշարը կազմել է 3947 տոննա, որից արդյունագործական ընդհանուր պաշարը՝ 513 տոննա: Գիտական կենտրոնի կողմից 2024 թվականի համար ընդհանուր կենսապաշարից մինչև սեպտեմբերի 1-ը արդյունագործական նպատակով օգտագործման քանակություն է առաջարկվել 257 տոննա։
Որոշման ընդունելուց հետո ձկնորսները կարող են դիմել նախարարություն՝ օրինական որսի քվոտա ստանալու համար»,-իր ելույթում նշել է նախարարը։