Հայաստանում 2023 թվականի դեկտեմբերը եղել է անոմալ տաք։ Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր է 5-6 աստիճանով։
«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը նշել է, որ գրանցվել են կլիմայական ռեկորդներ։
Հայաստանը շարունակում է գտնվել արևադարձային տաք հոսանքների ազդեցության գոտում։ Հանրապետության ամբողջ տարածքում օդի ջերմաստիճանը շարունակում է կլիմայական նորմայից բարձր մնալ 6-8 աստիճանով։
Առաջիկա 5 օրերին այդ տաք օդային հոսանքները չեն նահանջելու։ Մինչև հունվարի 6-ը հանրապետությունը գտնվելու է տաք օդային ալիքի ազդեցության գոտում, անոմալ բարձր ջերմային ֆոնը պահպանվելու է, և ամբողջ տարածքում հաստատվելու է առանց տեղումների եղանակ։
Ուժեղ քամիներ առաջիկա 5 օրերին հանրապետության տարածքում չեն սպասվում։
Հունվարին ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում կանխատեսվում է կլիմայական նորմայից բարձր 3-5 աստիճանով, տեղումների քանակը լինելու է նորմային մոտ։ Դա նշանակում է լինելու է անոմալ տաք ու բավարար տեղումներով հունվար։
