ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
26.07.2022
Դաշտային այցելություն Գեղարքունիքի մարզ ԳՄՀԸ ԷԿՈսերվ ծրագրի գործընկերների կողմից

Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) պատվիրակմամբ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) ԷԿՈսերվ բնապահպանական ծրագրի շրջանակներում գործընկեր նախարարությունների ներկայացուցիչների հետ համատեղ կազմակերպվել է մի շարք գործողությունների արդյունքների ուսումնասիրությանն ուղղված դաշտային այցելություն Գեղարքունիքի մարզ:
Ուսումնասիրվել են «Անասնակերի արտադրություն և արոտների բարելավում որպես ՔՈՎԻԴ-19 հետևանքների մեղմման միջոցառում» գործողության շրջանակներում 10 տարի և ավել չօգտագործվող վարելահողերի մշակության փորձադաշտերի արդյունքները Մարտունի համայնքի Արծվանիստ և Գավառ համայնքի Գանձակ բնակավայրերում: Վարելահողերը մշակվել են անասնակերի արտադրության նպատակով՝ կորնգանի ցանքի նոր տեխնոլոգիայի ներդրմամբ՝ նաև նպատակ ունենալով նվազեցնել բնական էկոհամակարգերի վրա առկա ճնշումները: Ծրագրի շրջանակներում ՀՀ Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի մարզերում մշակվել են շուրջ 300.42 հա վարելահողեր, որոնք պատկանում են 326 ֆերմերների: 
«Գետերի ափամերձ տարածքների վերականգնում Հայաստանում» ՔՈՎԻԴ-19-ի արձագանքման ծրագրի շրջանակներում Արծվանիստ գետի շրջակայքում ուսումնասիրվել են ուռենիների կտրոնների տնկատարածքները: Ընդհանուր առմամբ Գեղարքունիքի մարզում տնկվել են ավելի քան 1մլն ուռենու կտրոններ, 6 գետերի ափամերձ տարածքներում:
Գործընկեր նախարարությունների ներկայացուցիչները կատարել են իրենց դիտարկումները և շատ կարևորել ծրագրի գործողությունները ինչպես տնտեսական, այնպես էլ բնապահպանական առումով, քանի որ այդ գործողությունների արդյունքները մարզի և հատկապես Սևանա լճի էկոհամակարգի համար ստեղծում են բարենպաստ միջավայր: 
Բնական էկոհամակարգերի վրա ճնշման նվազեցումը և բարելավման աշխատանքները հետագայում կունենան նաև զգալի դրական ազդեցություն կլիմայի փոփոխության բացասական հետևանքների մեղմման համար: