«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի է ունեցել մամուլի ասուլիս Շրջակա միջավայրի նախարարության իրավախորհրդատու, «Օզոնային շերտի պահպանության մասին» Վիեննայի կոնվենցիայի և «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության ազգային համակարգող Լիանա Ղահրամանյանի, ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի Հելիոերկրաֆիզիկայի և ռադիոլոգիայի բաժնի պետ Անահիտ Ասատրյանի և Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի շրջակա միջավայրի հիգիենայի բաժնի պետ Ռուբեն Գրիգորյանի մասնակցությամբ։
Մասնագետները կարևորեցին ուլտրամանուշակագույն (ՈւՄ) ճառագայթման վնասակար ազդեցության վերաբերյալ իրազեկման բարձրացումը՝ մարդու առողջության պահպանման նպատակով։
ՈւՄ ճառագայթումը, հատկապես ամռան արևոտ օրերին, կարող է լուրջ վնաս հասցնել մարդու առողջությանը։ Այն առավել վտանգավոր է, երբ անձը երկար ժամանակ գտնվում է ուղիղ արևի տակ՝ առանց համապատասխան պաշտպանության։
ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը օրական մշակում է ՈւՄ ճառագայթման ինդեքսի քարտեզներ, որոնք հասանելի են saveozone.am և meteomonitoring.am կայքերում։
Շրջակա միջավայրի և առողջապահության նախարարությունները համատեղ մշակել են տեղեկատվական պաստառ, որտեղ ներկայացված է՝
-օզոնային շերտի կարևորությունը ՈւՄ վնասակար ճառագայթումից պաշտպանության հարցում,
-ՈւՄ ճառագայթման բացասական ազդեցությունը մարդու, հատկապես՝ երեխաների առողջության վրա,
-պաշտպանվելու անհրաժեշտությունն ու համապատասխան միջոցները։
Պաստառները կտրամադրվեն հանրապետության նախադպրոցական կրթական հաստատություններին և առողջության առաջնային պահպանման բժշկական կազմակերպություններին։
Բացի այդ, պետություն-մասնավոր հատվածի համագործակցության շրջանակում, մասնակցային ձևաչափով պատրաստվել են նույնաբովանդակ 2000 տեղեկատվական պիտակներ, որոնք կտրամադրվեն մանկական հագուստ արտադրողներին՝ իրենց արտադրանքին կցելու համար։
Պաստառներն ու պիտակները մշակվել և տպագրվել են Շրջակա միջավայրի նախարարության և ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության կողմից իրականացվող «Ինստիտուցիոնալ հզորացում և կարողությունների ստեղծում» ծրագրի շրջանակում, որը շեշտադրում է հանրային իրազեկմանն ուղղված միջոցառումների իրականացումը։
Ասուլիսն ամբողջությամբ կարող եք դիտել հետևյալ հղումով՝ https://www.youtube.com/live/KAU6BctcjLU?si=UEB1cDEGlBr7BWDn
