ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
03.06.2025
Վերջին շրջանում նկատելի է օձերի հանդեպ չհիմնավորված վախի և ագրեսիայի աճ

Հարգելի' քաղաքացիներ, վերջին շրջանում  նկատելի է օձերի հանդեպ չհիմնավորված վախի և ագրեսիայի աճ, ինչը հանգեցնում է բնության այս կարևոր օղակի ոչնչացմանը։
Համացանցում հաճախակի են դառնում դեպքերը, երբ օձերին վնասում են կամ առանց մասնագիտական միջամտության փորձում «վնասազերծել»՝ լրջորեն վտանգելով և՛ իրենց, և՛ կենդանիների կյանքը։ 
Ցանկանում ենք հիշեցնել, որ օձերը մեր էկոհամակարգի անբաժան մասն են։ Նրանց  կարևոր գործառույթը վնասատու միջատների, մկների և այլ փոքր կենդանիների պոպուլյացիայի վերահսկումն է։
Հայաստանում հանդիպում են 23 տեսակի օձ, որոնցից միայն 4-ն են  թունավոր, իսկ  առավել վտանգավոր է  Անդրկովկասյան գյուրզան:
 Եթե հանդիպել եք օձի, պետք է՝ 
- չանել կտրուկ շարժումներ ու մնալ անշարժ
- չփորձել հարվածել կամ վնասել կենդանուն
- համբերատար սպասել, մինչև օձը պարզապես սողալով կհեռանա
- զանգահարել ՆԳՆ փրկարար ծառայություն  կամ բնապահպանական կառույց
- համացանցում չտարածել օձերի նկատմամբ դաժան վերաբերմունքի տեսանյութեր կամ լուսանկարներ, դա խրախուսում է սխալ վերաբերմունք։
Հիշե՛նք, որ օձերն ապահովում են բնության հավասարակշռությունը։