Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Շրջակա միջավայրի նախարարություն՝ քննարկելու գերատեսչության 2025 թվականի գործունեության արդյունքների ամփոփ հաշվետվությունը և իրականացված աշխատանքները։
Զեկույցի ընթացքում նախարար Համբարձում Մաթևոսյանը նշել է, որ նախարարությունը 2025 թվականի 1-ին կիսամյակում ունեցել է 4 առաջնահերթ ուղղություն և իրականացրել է 15 միջոցառում՝ ապահովելով շուրջ 65% կատարողական։ 2-րդ կիսամյակում սահմանվել է 6 առաջնահերթ ուղղություն, իրականացվել է 12 միջոցառում, և ՇՄՆ գնահատմամբ ապահովվել է շուրջ 95% կատարողական։
Ընդհանուր առմամբ, 2025 թվականը բնութագրվել է որպես ոլորտի կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված օրենսդրական կարգավորումների և ընդունված որոշումների տարի, ինչպես նաև միջազգային հարթակում նախարարության դերի ուժեղացման և աննախադեպ ներգրավվածության փուլ։
-Անդրադառնալով ոլորտի թույլատվական գործառույթների թվայնացմանը՝ նախարարը նշել է, որ թվայնացվել է 12 ծառայություն՝ ընդհանուր թիվը հասցնելով 24-ի։ Արդյունքում զգալիորեն կրճատվել է հանրությանը մատուցվող ծառայությունների վարչարարությունը։ Սեպտեմբերից ջրօգտագործման թույլտվությունների տրամադրման գործընթացն ամբողջությամբ թվայնացվել է։ Միաժամանակ էլեկտրոնային եղանակով իրականացվում են սիրողական որսի և ձկնորսության հայտերի ընդունումը, ինչպես նաև պայմանագրերի կնքումը։
- Թվայնացվել է նաև վտանգավոր թափոնների կառավարման ոլորտի 4 ծառայություն։ 2026 թվականի հունվարից վտանգավոր թափոնների գործածության լիցենզիան և դրա ներդիրները տրամադրվում են էլեկտրոնային կամ թղթային տարբերակով՝ դիմողի նախընտրությամբ, իսկ հուլիսից դրանք կտրամադրվեն բացառապես թվային ձևաչափով։ Ստեղծվել է ջերմոցային գազերի արտանետումների էլեկտրոնային շտեմարան։ 2026 թվականից մեկնարկելու է ոլորտում մատուցվող կարևորագույն ծառայություններից մեկի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության (ՇՄԱԳ) փորձաքննության թվայնացումը։
- 2025 թվականի ապրիլի 11-ից ամբողջությամբ գործարկվել է Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչությունը․ այն համալրվել է 182 նախատեսված հաստիքներից 131-ով՝ այսինքն՝ 72%-ով։ Մեկնարկել է Տավուշի մարզային վարչության թափուր հաստիքների համալրման գործընթացը․ հայտարարվել է 242 մրցույթ, որոնք դեռ ընթացքի մեջ են։ Վարչության շուրջօրյա ծառայությունը նախատեսվում է գործարկել 2026 թվականի ապրիլին։ Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչությունների համալրումը նախատեսվում է մեկնարկել առաջիկայում։
Հաշվետու ժամանակահատվածում Էկոպարեկային ծառայության 7 մարզային վարչությունների կողմից հայտնաբերվել և արձանագրվել է բնապահպանական իրավախախտման 903 դեպք, որի մասով հաշվարկվել է բուսական և կենդանական աշխարհին պատճառված 429 մլն դրամ վնաս։
2026 թվականի 1-ին կիսամյակում նախատեսվում է ավարտին հասցնել Տավուշի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության 24/7 ռեժիմով ծառայության գործարկումը։
- Ջրային ռեսուրսների կառավարման համատեքստում նշվել է, որ Արարատյան արտեզյան ավազանում առկա է ջրի դեֆիցիտ։ Դրան արձագանքելու համար օրենքների փոփոխությամբ ավազանի վերականգնվող ջրի տարեկան ծավալը 1.1 մլրդ մ³-ից նվազեցվել է մինչև 926 մլն մ³, որը կբաշխվի ջրօգտագործողների միջև՝ ըստ առաջնահերթ ուղղությունների և սահմանված չափաքանակների։ 2025 թ․ դրությամբ ձկնաբուծական նպատակով (խորքային հորերից) տրված ջրառը կազմել է տարեկան մոտ 802 մլն մ³, իսկ նոր կարգավորումներով այն կազմելու է 509 մլն մ³։ Արդյունքում առաջիկա 1.5 տարվա ընթացքում ձկնաբուծական նպատակով ջրի օգտագործումը կնվազի մոտ 36.5%-ով, և կխնայվի մոտ 293 մլն մ³ ջուր։
Արարատի և Արմավիրի մարզերում լուծարվել և կոնսերվացվել է 33 խորքային հոր։ Խնայվել է տարեկան շուրջ 34.5 մլն խմ ջրաքանակ, որը վերջին 5 տարվա առավելագույն ցուցանիշն է։
- Բնության հատուկ պահպանվող տարածքների արդյունավետ կառավարման նպատակով հաշվետու տարվա 1-ին կիսամյակի համար նախատեսված է եղել 3 միջոցառում։ ԲՀՊՏ օրենքի փոփոխությամբ թույլատրվել է մինչև 1991 թվականը պետական արգելոցների տարածքում առկա ջրային համակարգերով ջրօգտագործումը։ Արդյունքում 2025 թվականին «Խոսրովի անտառ» պետական արգելոցից (Գառնիի ջրատարով) տրվել է ոռոգման ջրօգտագործման թույլտվություն։ Մշակվել է «ԲՀՊՏ»-ների նոր օրենքը։ 2021–2025 թվականներին Սևանա լճի առափնյա հատվածում ապամոնտաժվել է 147 ապօրինի շենք-շինություն, որից 2025թ-ին՝ 61-ը։ 2025 թվականին վարձակալության պայմանագրերի խզման գործընթացների շրջանակում Սևան ազգային պարկին վերադարձվել է 79 հեկտար տարածք, որոնց մեծ մասը վերադարձվել է դատարանի որոշմամբ։
-Կենսաբազմազանության վերականգնմանն ուղղված աշխատանքների շրջանակում նախատեսվում է Սևանա լիճ բաց թողնել 120 հազար հատ Սևանի իշխանի մանրաձուկ, ստանալ շուրջ 200 հազար հատ Սևանի կողակի մանրաձուկ (որոնք 2027-ին բաց կթողնվեն լիճ), ինչպես նաև՝ արհեստական վերարտադրությամբ ստացվել է կարմրախայտի մանրաձուկ, որից 50 հազար հատը բաց կթողնվի Ձորագետի վերին հոսանքներում։ Այս աշխատանքներն իրականացվում են առաջին անգամ։
-2025–ի ընթացքում ընդունվել է «Կլիմայի մասին» Հայաստանի Հանրապետության առաջին օրենքը, որով սահմանվել է կլիմայական քաղաքականության շրջանակը։
- Մթնոլորտային օդի պահպանության ոլորտում Կառավարության որոշմամբ հաստատվել է նախարարության կողմից մշակված օդի որակի բարելավման հնգամյա ծրագիրը։ Այն նախատեսում է մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի համակարգի արդիականացում՝ 14 անշարժ (Երևան քաղաքի համար՝ 6) և 2 շարժական դիտակայանների ձեռքբերում, ժամանակակից լաբորատորիաների ստեղծում, շինարարության և հանքարդյունաբերության ոլորտներում փոշենստեցնող սարքավորումների կիրառման պարտադիր պահանջի սահմանում, ինչպես նաև վարչական պատասխանատվության խստացում։
-Անտառների վերականգնման և պահպանության ոլորտում 2025 թվականին իրականացվել է 759,6 հա անտառվերականգնում և անտառապատում, այդ թվում՝ 170 հա պետական բյուջեի միջոցներով անտառապատում, 90 հա բնական վերաճի օժանդակում։ Աճեցվել է 1 մլն սերմնաբուսակ, ինչպես նաև իրականացվել է 10 650 կգ անտառային սերմի մթերում և որակավորում։
-«Հայանտառ» ՊՈԱԿ-ի 4 «Անտառտնտեսություն» մասնաճյուղերում հիմնադրվել է 3,4 հա տնկարան։ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի 9000 հա անտառածածկ տարածքներում առաջին անգամ անօդաչու թռչող սարքերի միջոցով իրականացվել են վնասատուների և հիվանդությունների դեմ կենսաբանական պայքարի աշխատանքներ։
Նախարարը նշել է, որ ոլորտի առաջնահերթություններից է պլաստիկի օգտագործման կրճատումը, ինչն ամրագրված է Կառավարության 2021–2026 թթ. ծրագրով։ Նախատեսվում է 2027 թվականի հունվարի 1-ից արգելել պոլիէթիլենային պարկերի ու տոպրակների, ինչպես նաև պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման տարաների և սպասքի օտարումը և առկայությունը։ Առաջին անգամ խախտում կատարելու համար նախատեսվում է նախազգուշացում, կրկնվելու դեպքում՝ 100 000–150 000 դրամ տուգանք՝ գործող 30 000–100 000 դրամի փոխարեն։
Անդրադարձել է նաև COP17 համաժողովի հյուրընկալմանը։ Համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելն ու անցկացնելը նախարարության առաջնահերթություններից է։ 2025 թվականի 2-րդ կիսամյակի համար նախատեսված երկու միջոցառումները կատարվել են ամբողջությամբ։
https://shorturl.at/iaDjU




