Նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Նորվեգիայի Թագավորության պատվավոր հյուպատոս Տիմոթի Սթրեյթի և Նորվեգիայի կլիմայի և շրջակա միջավայրի նախարարության քաղաքականության տնօրեն Գաուտե Հանսենի հետ։
Հանդիպման շրջանակում կողմերը քննարկել են 2026 թվականին Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի կազմակերպման և նախապատրաստական աշխատանքների ընթացքը։ Նախարարի տեղակալ Մեյմարյանը ներկայացրել է այս ուղղությամբ իրականացվող գործողությունները, ներառյալ աշխատանքային խմբերի ձևավորումը, միջազգային գործընկերների ներգրավումը, ինչպես նաև ենթակառուցվածքային ու տեխնիկական միջոցառումների նախապատրաստումը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև կենսաբազմազանության պահպանությանն առնչվող օրակարգային հարցեր՝ ներառյալ քաղաքականության գործիքների ամրապնդումը, ինչպես նաև շրջակա միջավայրի և կենսաբազմազանության հարցերը միջազգային համագործակցության համատեքստում ներկայացնելու ուղիները։
Կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ խորացնելու հայ-նորվեգական համագործակցությունը բնապահպանական ոլորտում՝ հատկապես՝ կենսաբազմազանության պահպանության, շրջակա միջավայրի վրա հիմնված գիտահետազոտական ծրագրերի և կանաչ անցման ոլորտներում։
