ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
26.01.2026
Կայացավ ՄԱԿ-ի «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի շրջանակում մշակված 7-րդ ազգային զեկույցի վավերացման աշխատաժողովը

Կայացավ ՄԱԿ-ի «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի շրջանակում մշակված 7-րդ ազգային զեկույցի վավերացման աշխատաժողովը։
Աշխատաժողովին ողջույնի խոսքով հանդես եկավ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի ազգային համակարգող Ոսկեհատ Գրիգորյանը, ով ընդգծեց 7-րդ ազգային զեկույցի նշանակությունը Հայաստանի միջազգային պարտավորությունների իրականացման և ազգային քաղաքականության ձևավորման համատեքստում։
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը կարևորեց ազգային զեկույցը ոչ միայն գլոբալ վերանայման համար, այլև կատարաված աշխատանքը ճիշտ գնահատելու և  առաջիկա ուղենիշները սահմանելու համար: Ներկայացրեց զեկույցի դերը և դրա հետ կապված աշխատանքները, հատկապես այս տարի, երբ Հայաստանը հյուրընկալելու է Կոնվենցիայի համաժողովի կողմերի հանդիպումը:
Փորձագիտական թիմի կողմից ներկայացվեցին զեկույցի առանցքային բովանդակային ուղղությունները։ Մասնավորապես, փորձագետները խոսեցին
-  ազգային թիրախների առաջընթացի գնահատման արդյունքների մասին,
- Կունմին-Մոնրեալի Կենսաբազմազանության գլոբալ շրջանակի նպատակների և թիրախների իրագործման ընթացքի մասին,
- Կոնվենցիայի կողմերի համաժողովների ընթացքում ընդունված որոշումների համատեքստում Հայաստանի ազգային պարտավորությունների մասին, ինչպես նաև հիմնական և երկակի ցուցիչների հաշվետվողականության համար հավաքագրված և մշակված տվյալների վերաբերյալ։
Աշխատաժողովը շարունակվեց ակտիվ խմբային քննարկումներով, որոնց ընթացքում շահագրգիռ կողմերը ներկայացրեցին դիտարկումներ և առաջարկներ՝ նպաստելով զեկույցի բովանդակային հստակեցման ու վավերացման գործընթացին։
Նման քննարկումները կարևոր քայլ են կենսաբազմազանության պահպանման ոլորտում տվյալների և վերլուծությունների վրա հիմնված քաղաքականության ձևավորման, ինչպես նաև համագործակցության ամրապնդման ուղղությամբ։ 7-րդ ազգային զեկույցը միաժամանակ հնարավորություն է տալիս իրականացնել ինքնագնահատում և դրա հիման վրա պլանավորել հետագա համապատասխան գործողությունները՝ ուղղված սահմանված թիրախների արդյունավետ իրականացմանը։
Աշխատաժողովը կազմակերպվել էր Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի ֆինանսավորմամբ և Շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից իրականացվող «Համապարփակ աջակցության ծրագիր՝ Կենսաբազմազանության ազգային ռազմավարության և գործողությունների ծրագրի վերանայման և 7-րդ ազգային զեկույցի մշակման համար» դրամաշնորհային ծրագրի շրջանակում՝ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ։