ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
31.07.2025
Բարելավելով օդի որակը Երևանում. իրազեկումից՝ գործողություն

Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ օդի աղտոտվածության վերաբերյալ միջոցառում, որը կազմակերպվել էր ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի և Global Shapers Yerevan Hub-ի նախաձեռնությամբ։
Միջոցառման նպատակն էր խթանել երիտասարդների ներգրավվածությունը՝ որպես քաղաքացիական ակտիվության և շրջակա միջավայրի պաշտպանման կարևոր բաղադրիչ, միաժամանակ բարձրացնելով իրազեկվածությունը օդի աղտոտվածության հիմնախնդրի վերաբերյալ։
Պանելային քննարկման բանախոսներն էին Շրջակա միջավայրի նախարարության Մթնոլորտային քաղաքականության վարչության պետ Արփինե Փանոյանը և «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գայանե Շահնազարյանը։ Երկուսն էլ հանդես եկան կարևոր ելույթներով՝ ներկայացնելով ինչպես քաղաքականության, այնպես էլ մոնիթորինգի ոլորտում իրականացվող ընթացիկ բարեփոխումները։
Արփինե Փանոյանը իր խոսքում անդրադարձավ Մթնոլորտային քաղաքականության վարչության աշխատանքներին և ներկայացրեց սպասվող օրենսդրական փոփոխությունները.
«Շրջակա միջավայրի նախարարությունը նախաձեռնել է մի շարք օրենսդրական փոփոխություններ՝ ուղղված մթնոլորտային օդի որակի գնահատման չափանիշների վերանայմանը։ Դրանք կհամապատասխանեցվեն ԵՄ հրահանգներին և ԱՀԿ-ի ցուցանիշներին։ Նոր համակարգը հնարավորություն կտա ավելի հստակ գնահատել աղտոտվածության մակարդակը և իրականացնել նպատակային քաղաքականություն։ Մենք խիստ կարևորում ենք երիտասարդների մասնակցությունը այս գործընթացում», — նշեց նա։
Իր հերթին Գայանե Շահնազարյանը ներկայացրեց օդի աղտոտման մոնիթորինգի համակարգում նախատեսվող տեխնիկական բարելավումները՝ ընդգծելով դիտարկումների մեջ օրգանական աղտոտիչների և ծանր մետաղների ներառումը, ինչպես նաև քիմիական լաբորատորիայի արդիականացման անհրաժեշտությունը։
Յակոբեան բնապահպանական կենտրոնի տնօրեն Ալեն Գասպարյանը ներկայացրեց «Կանաչ օրակարգի» զեկույցի արդյունքները՝ ընդգծելով երիտասարդների դերակատարումը Հայաստանում կայուն և կանաչ ապագայի ձևավորման գործընթացում։
Միջոցառման երկրորդ հատվածում տեղի ունեցավ ինտերակտիվ սիմուլյացիոն խաղ, որի միջոցով մասնակիցները հնարավորություն ունեցան վերապրելու որոշումների կայացման գործընթացը՝ կապված օդի աղտոտման քաղաքականության մշակման և գործնական լուծումների առաջարկման հետ։
Միջոցառումը մեկ անգամ ևս ընդգծեց, որ երիտասարդների ակտիվ ներգրավվածությունը շրջակա միջավայրի պահպանության գործում այլընտրանք չունի։
Միասին՝ հանուն մաքուր և առողջ օդի։