ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
12.05.2022
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանն մասնակցել է «Կլիմայի փոփոխություններ․ պատճառները և ազդեցությունները, Հայաստանի համատեքստը ՄԱԿ-ի գիտական և կանոնակարգային համատեքստը» խորագրով աշխատաժողովի

«Հարմարվողականության ազգային ծրագիր՝ Հայաստանում միջնաժամկետ և երկարաժամկետ հարմարվողականության պլանավորման առաջխաղացման համար» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակում Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանն այսօր մասնակցել է «Կլիմայի փոփոխություններ․ պատճառները և ազդեցությունները, Հայաստանի համատեքստը ՄԱԿ-ի գիտական և կանոնակարգային համատեքստը» խորագրով աշխատաժողովի։
Աշխատաժողովի հիմնական նպատակն է՝ մասնակիցներին ծանոթացնել կլիմայի փոփոխության մարտահրավերներին, իրազեկել կլիմայի փոփոխությանն ուղղված միջազգային և տեղական միջոցառումների վերաբերյալ, ինչպես նաև ներկայացնել Փարիզի համաձայնագրի 13-րդ հոդվածով սահմանված՝ թափանցիկության  պահանջների ապահովման, մասնավորապես՝ արտանետումների, մեղմման և հարմարվողականության գործողությունների, ինչպես նաև կլիմայի ֆինանսավորման ուղղությամբ երկրի կողմից ստացվող աջակցության չափումների և ներկայացման գործիքները։
Ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին, նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը Շրջակա միջավայրի նախարարության անունից ողջունել է աշխատաժողովի անցկացումը և փաստել, որ չափազանց կարևոր է հարմարվողականության միջոցառումների մշակումը կլիմայի փոփոխության հետևանքով ահագնացող մարտահրավերներին դիմակայելու համար։  
«Շրջակա միջավայրի նախարարությունը, հանդիսանալով «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի ազգային լիազոր մարմին, ի թիվս այլ հարցերի, պատասխանատու է Հայաստանի Հանրապետության կլիմայի փոփոխության հիմնախնդիրների լուծմանն ուղղված քաղաքականության մշակման և իրականացման համար։
«Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի և Փարիզյան համաձայնագրի պահանջների ու դրույթների կատարման միջգերատեսչական համակարգման խորհրդի և աշխատանքային խմբի անդամների ակտիվ մասնակցությունը որոշումների կայացմանը կարևոր է միջոլորտային հարցերի շուրջ հավասարակշռված և փոխհամաձայնեցված մոտեցումներ և լուծումներ գտնելու համար՝ տնտեսության բոլոր ճյուղերում կանաչ վերականգնումը խթանելու և COVID-19-ի հետևանքները վերացնելու համար: Այս ամենը նախատեսում է  զգալի օրենսդրական և կարգավորող  շարունակական բարեփոխումներ,-նշել է նախարարի տեղակալը։
Նախարարի տեղակալը  կարևորել է նաև համակարգված աշխատանքը և սերտ համագործակցությունը գործընկեր նախարարությունների հետ։
«Շրջակա միջավայրի անխաթարությունը պահպանելու և կլիմայի նկատմամբ դիմակայությունը բարձրացնելու համար կարևոր է նաև մեր գործընկերների մեկտեղված ջանքերը։ Օրինակ,  ֆինանսների նախարարության մոտեցումը՝ կանաչ կայուն գնումների համակարգի կայացման գործում, Էկոնոմիկայի նախարարության աշխատանքը՝ կանաչ տնտեսության խթանման ուղղությամբ և այլն»։