ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
17.10.2025
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն ընդունել է Հայաստանում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմեդ Ալօրայֆանին

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն ընդունել է Հայաստանում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմեդ Ալօրայֆանին:
 Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնապահպանական մի շարք ուղղությունների՝ ջրային ռեսուրսների կայուն կառավարումից մինչև նորարարական լուծումների ներդրման հնարավորություններ։
Հատուկ ուշադրություն է դարձվել բնապահպանական վերահսկողության բարելավմանը, ինչպես նաև այս ոլորտում փորձի փոխանակման և համագործակցության խորացման հեռանկարներին։
Դեսպանը բարձր է գնահատել Հայաստանի՝ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (#CoP17) 2026 թվականին հյուրընկալելու պատվին արժանանալու փաստը՝ այն որակելով որպես միջազգային կարևոր ճանաչում Հայաստանի բնապահպանական քաղաքականության և առաջնորդության համար։
Կողմերը քննարկել են #CoP17-ի նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաև Քուվեյթի Պետության պատրաստակամությունը՝ ակտիվորեն մասնակցելու համաժողովի կազմակերպչական գործընթացներին։ 
Հանդիպման ավարտին կողմերը համոզվածություն են հայտնել,  որ այս քննարկումը նոր թափ կհաղորդի Հայաստանի և Քուվեյթի միջև բնապահպանական գործընկերության զարգացմանը։