Հանրային քննարկման է ներկայացվել «Արտադրողի ընդլայնված պատասխանատվության մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Նախագծերի փաթեթի նպատակն է Հայաստանում ներդնել արտադրողի ընդլայնված պատասխանատվության (ԱԸՊ) ինստիտուտը, որն ուղղված է արտադրողների և ներմուծողների կողմից որոշ ապրանքատեսակների (ԱԸՊ ապրանքներ) առաջացրած հատուկ թափոնների պատշաճ ու անվտանգ կառավարման համակարգերի ստեղծմանը և արդյունավետ գործունեության ապահովմանը։
Առաջարկվող կարգավորումներով նախատեսվում է ստեղծել Արտադրողի պատասխանատվության կազմակերպություններ (ԱՊԿ), որոնք կապահովեն ֆինանսական միջոցների հավաքագրման արդյունավետ և ինքնածախսածածկող տնտեսական մոդել, կկարգավորեն իրենց փոխհարաբերությունները արտադրողների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ։ Այս կազմակերպությունները գործելու են բնապահպանական, ֆինանսական, իրավական և տեղեկատվական գործիքակազմերի կիրառմամբ, ինչը թույլ կտա ապահովել ԱԸՊ ինստիտուտի արդյունավետ գործունեությունը:
Օրենքի նախագծով սահմանվում են հատուկ թափոնների էկոլոգիապես անվտանգ կառավարման եղանակներ, ներառյալ՝
-թափոնների սկզբնական տեսակավորված հավաքագրումը,
-երկրորդային (գործարանային) տեսակավորումը,
-թափոնների անվտանգ փոխադրումը, պահումը և տեղադրումը,
-դրանց վերաօգտագործումը, վերամշակումը, օգտահանումը,
-վտանգավոր հատկությունների նվազեցումն ու վնասազերծումը։
Այս միջոցառումները նպատակաուղղված են նվազագույնի հասցնել հատուկ թափոնների բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի և մարդու առողջության և կլիմայի վրա։
Օրենքի նախագծին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://www.e-draft.am/projects/8867
