ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
11.12.2025
Սևանա լճի ափամերձ տարածքներում օրենքի խախտմամբ օտարված կամ վարձակալության հանձնված գույքերը վերադարձվում են պետությանը

Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ներառված հարցերից մեկով՝ Սևան-Գավառ ճանապարհի աջ կողմում գտնվող՝ 1.5 հա մակերեսով հողամասն ամրացվել է Շրջակա միջավայրի նախարարությանը:
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ներկայացնելով վերոնշյալ գույքը պետությանը վերադարձնելու նախապատմությունը, նշել է. «Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 2025 թվականի հուլիսի 2-ի վճռով բավարարել էր Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հայցը, որի արդյունքում, «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին է վերադարձվել Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղի հյուսիս-արևելյան հատվածի Սևան-Գավառ ճանապարհի աջ կողմում գտնվող՝ 1.5 հա մակերեսով հողամասը: 
Միաժամանակ, անվավեր է ճանաչվել պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցումը:
Բացի այդ, Գեղարքունիքի մարզի դատախազությունում պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակներում կատարված ուսումնասիրության հիման վրա՝ միջնորդագիր է հասցեագրվել Սևան համայնքին և «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին՝ Սևանա լճի ափամերձ՝ բացարձակ նիշից ցածր տարածքների 34 հողամասերում առկա ապօրինի կառուցված շենք-շինություններն ապամոնտաժելու և հողամասը նախկին տեսքին բերելու համար:
Միջնորդագրի արդյունքում այս պահի դրությամբ 3 հողամասերում առկա շենք-շինություններն ապամոնտաժվել են ամբողջությամբ, մնացած հողամասերի վերաբերյալ հարուցվել են վարչական վարույթներ, կայացվել են 23 քանդման որոշումներ: