ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
31.10.2025
Լրագրողներն այցելել են «Խոսրովի անտառ» պետական արգելոց

Շրջակա միջավայրի նախարարության և Կովկասի բնության հիմնադրամի նախաձեռնությամբ լրագրողներն այցելել են «Խոսրովի անտառ» պետական արգելոց՝ տեղում ծանոթանալու իրականացված բարեկարգման աշխատանքներին։
Բարեկարգման աշխատանքներն իրականացրել է «Արահետներ փոփոխությունների համար» հասարակական կազմակերպությունը։ Բարեկարգվել է դեպի Վահագնի և Աստղիկի ջրվեժներ տանող երթուղին՝ այն դարձնելով ավելի մատչելի, հարմար ու անվտանգ, տեղադրվել են նոր ցուցանակներ, հարթեցվել արահետները։
Կովկասի բնության հիմնադրամի աջակցությամբ իրականացված ծրագրի արժեքը կազմել է մոտ 1 մլն 700 հազար դրամ, իսկ արգելոցին տրամադրվել են նաև հեռադիտակներ, ֆոտոթակարդներ ու տեսախցիկներ՝ տարածքի պահպանությունն առավել արդյունավետ կազմակերպելու համար։
Նշենք, որ զբոսաշրջային հոսքը տարեցտարի աճում է արգելոցում, այցելուների մեծ մասը դպրոցականներն են, ովքեր էկոկրթական ծրագրերի միջոցով ճանաչում են մեր երկրի յուրօրինակ բնաշխարհը։
Արգելոցը զբաղեցնում է ավելի քան 23 հազար հեկտար տարածք, ընդգրկելով հարուստ կենսաբազմազանություն. այստեղ կենդանական աշխարհում հանդիպում են կովկասյան ընձառյուծը, գորշ արջը և բեզոարյան այծը։