ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
24.03.2023
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը Նյու Յորքում մասնակցում է «Ջուրը կայուն զարգացման համար» խորագրով համաժողովին

Նախարարի տեղակալը նշել է, որ այս համաժողովը առաջինն է գրեթե 50 տարվա ընթացքում, որը կարող է բեկումնային պահ լինել ՄԱԿ-ի Կայուն զարգացման 6-րդ նպատակի համար՝ այն է  ապահովել ջրի և սանիտարական մաքրության կայուն կառավարումը բոլորի համար:
Իր ելույթում նախարարի տեղակալը խոսել է ջրային ռեսուրսների՝ օրեցօր աճող կարևորության մասին՝ անդրադառնալով ոլորտի խնդիրներին և մարտահրավերներին։
«Հայաստանը 1999 թվականին ստորագրել է ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի  «Ջրի և առողջության մասին» արձանագրությունը և ներկայումս վերանայում է վավերացման մարտահրավերներն ու հնարավորությունները:
Ջրային քաղաքականության մեկ այլ կարևոր բարեփոխում էր 2017 թվականին Հայաստանի և ԵՄ-ի միջև ստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը», որը ջրային ռեսուրսների և որակի ոլորտում պարունակում է հավակնոտ պարտավորություններ։
ՀՀ կառավարության ծրագիրը հստակ սահմանում է այն բոլոր ուղղությունները և միջոցառումները, որոնք աջակցում են ջրային ոլորտում կառավարության կողմից մշակված ռազմավարության կյանքի կոչմանը։ Այդ ամենն իր մեջ ներառում է գետավազանային կառավարման պլանի մշակումը, խմելու ջրի և ոռոգման համակարգի կազմակերպումը և կեղտաջրերի մշակումը և հեռացումը, ինչպես նաև մշտադիտարկման և մոնիթորինգի կազմակերպումը»,-նշել է Գայանե Գաբրիելյանը՝ անդրադառնալով նախարարության կողմից ոլորտային ռազմավարությունների մշակման գործընթացին։