ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
07.10.2025
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը կմասնակցի Բնության պահպանության միջազգային միության (IUCN) Բնապահպանության համաշխարհային կոնգրեսին

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հոկտեմբերի 9-15-ը Աբու Դաբիում կմասնակցի Բնության պահպանության միջազգային միության (IUCN) Բնապահպանության համաշխարհային կոնգրեսին: Կոնգրեսը, որը կրում է «Փոխակերպվող պահպանության հզորացում» խորագիրը, համարվում է բնապահպանության և կայուն զարգացման ոլորտում աշխարհի ամենահեղինակավոր հավաքը։ Այն նպատակ ունի խթանել միջազգային և տարածաշրջանային համագործակցությունը, ուսումնասիրել բնապահպանական մարտահրավերների նորարարական լուծումները և ամրապնդել կայուն զարգացման նախաձեռնությունները։ Միջոցառումը  կծառայի որպես եզակի հարթակ՝ փորձի փոխանակման, լավագույն փորձերի ներկայացման և բնության պահպանության ապագա ռազմավարությունների ձևավորման համար։ Աշխարհի ավելի քան 1400 պետական, քաղաքացիական, հասարակական  կազմակերպություններ կքննարկեն ու կքվեարկեն շրջակա միջավայրի հիմնահարցերի շուրջ՝ նպաստելով այն գաղափարին, որ մարդկությունը և մոլորակը պետք է ապրեն ներդաշնակ համակեցության մեջ։ Այս գլոբալ համաժողովը վճռորոշ պահ է՝ արագացնելու համաշխարհային պարտավորությունները դեպի կայուն և կանաչ ապագա: