- Ավելի քան մեկ շաբաթ է ինչ Հանրապետության ողջ տարածքում դիտվում է բարձր ջերմային ֆոն։ Նման երկարատև շոգ եղանակները ընդունված է անվանել «ջերմային ալիքներ», որոնք առանձին շրջաններում կարող են վտանագավոր լինել մարդկանց առողջության համար։
- Այս օրերին Հայաստանը գտնվում է արևադարձային տաք և հզոր օդային հոսանքների ազդեցության ներքո, որոնք տարածվում են մինչև 5-6 կմ բարձրությունները։ Օրական միջին ջերմաստիճանները բարձ են նորմայից 3-5 աստիճանով։
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի դիտարկումների համաձայն օգոստոսի 1-ից 7-ը ընկած ժամանակահատվածում գրանցվել են բավականին բարձր և գիշերային, և ցերեկային ջերմաստիճաններ։
-Ամենաբարձր գիշերային ջերմաստիճանները գրանցվել են Երևանի ցածրադիր հատվածներում, Վայոց Ձորի և Սյունիքի հովիտներում։ Օգոստոսի 5-ին և 7-ին Մեղրի և Երևան-ագրո (Մերձավան) օդերևութաբանական կայաններում գրանցվեցին աննախադեպ բարձր գիշերային ջերմաստիճաններ, երբ ողջ գիշերվա ընթացքում ջերմաստիճանը չնվազեց 28.5 °C-ից։
-Շոգ եղանակները բերեցին բարձր ցերեկային ջերմաստիճաններ։ Օդի առավելագույն ջերմաստիճանները գերազանցեցին 40 °C-ը Արենիում (42.6 °C), Երևանում (41.9 °C), Արարատի մարզում (41.3 °C), Աշտարակում (41 °C) և Արմավիրում (40.4 °C)։
