2025 թվականի մայիսի 15-ից Հայաստանի մի շարք անտառներում մեկնարկել են անտառային վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարի օդային կենսաբանական միջոցառումները։
Միջոցառումները նախատեսված են իրականացնել մինչև հունիսի 15-ը՝ Շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից։ Աշխատանքները կատարվում են անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) միջոցով, որոնք նպատակային մշակման են ենթարկում Վայոց ձորի, Արագածոտնի և Հրազդանի անտառտնտեսությունների տարածքում գտնվող ընդհանուր առմամբ շուրջ 9000 հա տերևակեր վնասատուներով և հիվանդություններով վարակված անտառածածկ հատվածներ։
Կենսաբանական պայքարի կիրառումը շրջակա միջավայրի համար անվտանգ մեթոդ է՝ առանց քիմիական միջամտության։ Այն օգնում է պահպանել էկոհամակարգի հավասարակշռությունը՝ միևնույն ժամանակ կանխելով վնասատուների տարածման սպառնալիքը։
Բոլոր այն բնակիչները, ովքեր ապրում են նշված անտառատարածքներին հարակից համայնքներում կամ ունեն մեղվաընտանիքներ նշված հատվածներում, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից նախապես իրազեկվել են և ստացել են համապատասխան տեղեկատվություն անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։
