ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
06.03.2024
«ԿԱՆԱՉ Հայաստան» համատեղ հարթակի չորրորդ` քաղաքականության երկխոսությունը կոչ է անում քայլեր ձեռնարկել երկրի ջրային հատվածի բարելավման համար

Կայացել է «Աճ և վերականգնում` հանուն Հայաստանի հզորացման, վերազինման և բարգավաճման» (ԿԱՆԱՉ Հայաստան) հարթակի քաղաքական չորրորդ երկխոսությունը, որն իրականացվում է ՀՀ կառավարության` Համաշխարհային բանկի, Եվրոպական միության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հետ համատեղ։ 
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի նախագահությամբ անցկացված հանդիպման ընթացքում քննարկվել են   նորարարական գաղափարներ, ներկայացվեցին գլոբալ պատկերացնումներն այն մասին, թե ինչպես ջրի և կեղտաջրերի կայուն կառավարումը կարող է նպաստել կլիմայի փոփոխության նկատմամբ երկրի դիմակայունության բարձրացմանը: 
Ներկայացվել են նաև ջրային ոլորտի մարտահրավերների վերաբերյալ Կառավարության հեռահար պատկերացումները, ինչպես նաև Հայաստանի ջրային ոլորտի խոցելի խնդիրների վերաբերյալ միջազգային գործընկերների տեսլականն ու հանձնառությունը, ներառյալ միջազգային փորձը մոբիլիզացնելու և ոլորտում ներդրումները կարևորելու հիմքով հավանական գործընկերությունները:
«ԿԱՆԱՉ Հայաստան» հարթակի նպատակն է համատեղել և օպտիմալացնել ոլորտային քաղաքականություններն ու ներդրումային նախաձեռնությունները՝ աջակցելու Հայաստանին կանաչ տնտեսությանն անցման ճանապարհին: