ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
20.11.2025
Նախարարի տեղակալ Վահե Դավթյանը քննարկել է անտառային ոլորտում ՊԳԿ ծրագրերի ընթացքն ու առաջիկա գնահատման առաքելության այցը

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վահե Դավթյանը հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ/FAO) հայաստանյան ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի հետ։ Քննարկման հիմնական թեմաները եղել են անտառային ոլորտում իրականացվող ծրագրերը, դրանց ընթացիկ փուլերը և առաջիկայում նախատեսվող գնահատման առաքելության այցի կազմակերպչական հարցերը։
Ներկայում նախարարությունը, համագործակցելով FAO-ի հետ, իրականացնում է «Հայաստանի անտառների դիմադրողականության բարձրացում՝ հարմարվողականության և գյուղական տարածքների կանաչ աճի խթանում՝ մեղմման միջոցով» ծրագիրը։ Այն նախատեսված է էականորեն ուժեղացնելու Հայաստանի անտառային էկոհամակարգերի կայունությունն ու դիմակայունությունը՝ միաժամանակ խթանելով գյուղական համայնքների զարգացումը։
Ծրագրի թիրախային մարզերն են Լոռին և Սյունիքը, որոնք ընտրվել են անտառային էկոհամակարգերի առանձնահատկությունների, բնակչության խտության, սոցիալ-տնտեսական ցուցանիշների և կլիմայի փոփոխության ազդեցության խտության գնահատման հիման վրա։
Հանդիպման ընթացքում կողմերը վերահաստատեցին գործընկերային համագործակցության շարունակականության կարևորությունը՝ ընդգծելով, որ նախաձեռնությունը կարևոր դեր ունի ինչպես Հայաստանի կլիմայական պարտավորությունների կատարման, այնպես էլ գյուղական համայնքների կայուն զարգացման համար։