Շրջակա միջավայրի նախարարության ենթակայությամբ գործող Բնության պետական թանգարանում կայացավ էկոկրթության միջազգային օրվան նվիրված միջոցառումը, որի նպատակն էր բարձրացնել բնապահպանական գիտակցությունը, տարածել էկոլոգիական կրթության գաղափարներ և ներգրավել երիտասարդներին ու հասարակությանը բնության պահպանության հարցերում։
Միջոցառմանը մասնակցում էին աշակերտներ Երևանի, Ջրվեժի և Արտաշատի դպրոցներից, որոնք հնարավորություն ստացան ոչ միայն ձեռք բերել նոր գիտելիքներ, այլև դրանք կիրառել գործնականում։ Դպրոցականները մասնակցեցին էկոկրթության համատեքստում անցկացվող խաղերի և քննարկումների, որոնք անդրադարձան թափոնների վերամշակմանը, ջրային ռեսուրսների պահպանմանը, էներգախնայողությանը և կենսաբազմազանության պահպանությանը։
Միջոցառման ընթացքում մասնակիցները «Ի՞նչ եմ ես փոխում այսօր» խորագրի ներքո իրենց գաղափարները գրեցին թղթերի վրա ու փակցրեցին ցուցատախտակին, որը հիշեցում էր, որ յուրաքանչյուր փոքր գործ կարող է նշանակալի ազդեցություն ունենալ մեր շրջապատի վրա։
Միջոցառման ավարտին բոլոր մասնակիցները ստացան մասնակցության հավաստագրեր և հուշանվերներ , որոնք տրվեցին նրանց ակտիվ ներգրավվածության և բնապահպանական նախաձեռնություններին աջակցելու համար։
Էկոկրթության օրվա միջոցառումը ևս մեկ անգամ ընդգծեց, որ կրթությունը և գիտակցված մոտեցումը կարող են դառնալ հզոր գործիքներ բնության պահպանության գործում և նպաստել առողջ ու կայուն ապագայի ձևավորմանը։











