Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը Դուբայում մասնակցել է Կանաչ տնտեսության 11-րդ համաշխարհային գագաթնաժողովին՝ ներկայացնելով երկրի տեսլականն ու քայլերը կանաչ և կայուն ապագայի կառուցման ուղղությամբ։
«Հայաստանի համար կանաչ տնտեսությունը ոչ միայն քաղաքական ուղղություն է, այլև զարգացման նոր մոդել, որը միավորում է բարեկեցությունը, բնապահպանական կայունությունն ու սոցիալական ներառականությունը։ Սա երկրի համար կենսական անհրաժեշտություն է․ 2021–2026 թթ. կառավարության ծրագրում այն հռչակվել է որպես ռազմավարական առաջնահերթություն»,-նշել է նախարարը:
Հայաստանում․
- զարգացվում են շրջանաձև տնտեսության լուծումներ,
- խթանվում է կայուն շարժունակությունը,
- ներդրվում են ֆինանսական մեխանիզմներ կանաչ ներդրումների համար։
Կարևոր քայլ է Կանաչ Տաքսոնոմիայի ընդունումը, որը հստակ ուղեցույց է ներդրողների և քաղաքական պատասխանատուների համար։
Պետական բյուջեում ներդրվում է նաև կլիմայական ֆինանսավորման հետևման համակարգ՝ ապահովելով թափանցիկություն և արդյունավետ կառավարում։
«Հայաստանի մոտեցումը հիմնված է այն համոզման վրա, որ բնապահպանական կայունությունը անբաժան է տնտեսական մրցունակությունից ու սոցիալական արդարությունից։
Միաժամանակ ընդգծվել է, որ կանաչ անցումը հնարավոր է միայն միջազգային համագործակցության շնորհիվ։ Հայաստանը պատրաստ է կիսվել իր փորձով և նպաստել համաշխարհային ջանքերին՝ արագացնելու կանաչ տնտեսության անցումը»,- իր ելույթը եզրափակել է նախարարը: