Մեկնարկում է կենսաբազմազանության պահպանությանն ուղղված 26 մլն եվրո դրամաշնորհային ծրագիրը:
Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև հայտագրերի փոխանակման ձևով կնքվող «Տեխնիկական համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Հիմք է ընդունվել 2023թ. նոյեմբերի 21-ին Երևանում կայացած միջկառավարական բանակցությունների արդյունքում ստորագրված արձանագրությունը, ինչպես նաև 1998թ. հուլիսի 27-ին կնքված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև տեխնիկական համագործակցության մասին» համաձայնագրի դրույթները:
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն իր հերթին նշել է. «Գերմանիայի հետ համագործակցության համատեքստում նաև Շրջակա միջավայրի նախարարությունը երկարատև հաջող համագործակցության պատմություն ունի: Մասնավորապես՝ հենց հիմա մեկնարկում է 26 մլն եվրո դրամաշնորհային ծրագիր, որն ուղղված է կենսաբազմազանության պահպանությանը Հայաստանում, մասնավորապես՝ մեր ազգային պարկերի, արգելոցների և արգելավայրերի կառավարման պլանների մշակում և ամբողջությամբ վերազինում, նաև նորաստեղծ էկոպարեկային ծառայության վերազինում, Հայաստանի անտառային համակարգի բարեփոխում և վերազինում:
Արդեն ավարտին է մոտենում KfW բանկի հետ համագործակցությամբ նաև 8 մլն եվրո դրամաշնորհային միջոցի ծրագիրը, որը հիմնականում ուղղված էր Սյունիքում գործող պահպանվող տարածքների և հարակից համայնքների զարգացմանը, մասնավորապես՝ 7 պահպանվող տարածքներն են վերազինվել, կառավարման պլաններ են մշակվել և հարակից համայնքներում բազմաթիվ ծրագրեր են իրականացվել. Մի շարք գյուղերում, օրինակ՝ Ներքին Հանդ, Շիկահող գյուղերում փոխվել են պատուհաններ, տրամադրվել են արևային ջրատաքացուցիչներ, էներգախնայող վառարաններ, Կապան համայնքում են իրականացվել աշխատանքներ, աղբահանության ոլորտում, հրշեջ ծառայության ոլորտում: Ինչպես նաև, կար Եվրոպական միությունը Սևանա լճի համար ծրագրի շրջանակներում Գերմանիայի Կառավարության համաֆինանսավորումը: Այդ ծրագիրն էլ արդեն ավարտին է մոտենում, որի շնորհիվ մենք կարողացել ենք իրականացնել բազմաթիվ ծրագրեր՝ ուղղված լճի էկոհամակարգի պահպանությանը»:
