ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
08.08.2025
Քննարկվել են սողանքավտանգ տարածքներում անտառապատման, ջրահեռացման և ապօրինի ծառահատումների վերահսկողության հարցերը

 ՆԳ նախարարության փրկարար ծառայությունում տեղի է ունեցել միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը, որը նախագահում էր ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը։
Նիստի ընթացքում քննարկվել են սողանքավտանգ և ռիսկերով հողային տարածքներում իրականացվող կանխարգելիչ բնապահպանական միջոցառումների ընթացքը, ինչպես նաև ապօրինի ծառահատումների վերահսկողության խստացման անհրաժեշտությունը։
Նիստին մասնակցել են պետական տարբեր կառույցների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը և էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանը։
Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել հատկապես այն տարածքներին, որոնք թեև չեն ընդգրկված սողանքների ռիսկային քարտեզներում, սակայն առկա են արտաքին ազդեցությունների բարձր վտանգներ։ Շեշտադրվել է նման տարածքներում լրացուցիչ ուսումնասիրությունների անհրաժեշտությունը՝ հետագա կանխարգելման աշխատանքները նպատակային կազմակերպելու համար։
Նիստի օրակարգում էին նաև անտառապատման և ջրահեռացման աշխատանքների պլանավորումն ու ներդաշնակեցումը տեղական համայնքների տարածքներում։ Առանձին ուշադրություն է դարձվել համայնքապատկան անտառածածկ տարածքներում ապօրինի ծառահատումների դեպքերին ու դրանց կանխարգելման մեխանիզմների վերանայմանը։
Շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչները կարևորել են բնապահպանական քաղաքականության ոլորտում միջգերատեսչական համագործակցությունը՝ ընդգծելով, որ նման ձևաչափով քննարկումները հնարավոր դարձնում են խնդիրների համալիր վերլուծությունն ու արդյունավետ լուծումների ձևակերպումը։