ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպված բրիֆինգին Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը ներկայացրել է COP17 համաժողովի նախապատրաստական աշխատանքները Հայաստանը, որպես #CoP17-ի հյուրընկալող երկիր, գործում է ներառականության, թափանցիկության, բարձր հավակնության և գործողության սկզբունքներով՝ նպատակ ունենալով համախմբել բոլոր շահառուներին՝ կառավարություններից մինչև տեղական համայնքներ, երիտասարդություն, գիտական և մասնավոր հատվածներ։
Բրիֆինգի ընթացքում նախարարը ներկայացրել է COP17-ի տեսլականը և բովանդակային ուղղությունները, ինչպես նաև իրականացվող ենթակառուցվածքային և կազմակերպչական աշխատանքները։
#CoP17 -ը կծառայի որպես գործողությունների և արդյունքների գլոբալ վերանայման կարևոր հարթակ՝ ուղղված Կունմին–Մոնրեալի գլոբալ կենսաբազմազանության շրջանակի նպատակների իրականացմանը։
Համաժողովի օրակարգում առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու բնիկ ժողովուրդների, տեղական համայնքների, կանանց և երիտասարդների ներգրավվածությանը, ինչպես նաև կրթության, իրազեկման և կենսաբազմազանության պահպանության ֆինանսական նոր հնարավորությունների ձևավորմանը։