ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
26.09.2025
Համագործակցության նոր էջ կենսաբազմազանության պահպանության ոլորտում

Նախարար Համբարձում Մաթևոսյանի Նյու Յորք աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի կողմից կարևոր նախաձեռնություն իրականացվեց․ ստորագրվեց համագործակցության հուշագիր Նորվեգիայի շրջակա միջավայրի և կլիմայի նախարար Անդրեաս Էրիկսենի հետ։
Հուշագիրը նոր էջ է բացում Հայաստանի և Նորվեգիայի հարաբերություններում՝ հատուկ ուշադրություն դարձնելով կենսաբազմազանության պահպանությանը։ Համագործակցությունը նախատեսում է տեղեկատվության և փորձի փոխանակում, մասնագետների և պաշտոնյաների փոխայցելություններ, ինչպես նաև համատեղ ծրագրերի և նախաձեռնությունների իրականացում։
Սա հնարավորություն կտա ավելի արդյունավետ իրականացնել կենսաբազմազանության պահպանության քաղաքականությունը, ներդնել Նորվեգիայի փորձը և համատեղ ուժերով առաջ մղել այն օրակարգերը, որոնք բխում են Կունմին-Մոնրեալի գլոբալ կենսաբազմազանության շրջանակից։
Փաստաթուղթը ոչ միայն գործնական ծրագրերի հիմք է դնում, այլև խորացնում է երկու երկրների միջև բարեկամական և գործընկերային հարաբերությունները։
Հայաստանը բարձր է գնահատում Նորվեգիայի առաջնորդությունը կլիմայի փոփոխության դեմ պայքարում, անտառների և կենսաբազմազանության պահպանության ոլորտում, ինչպես նաև պլաստիկի աղտոտման դեմ գլոբալ գործընթացում ունեցած առանցքային դերը։
Կողմերը համոզված են, որ համատեղ քայլերը կնպաստեն ոչ միայն երկու երկրների ընդհանուր նպատակների իրականացմանը, այլև գլոբալ կայուն զարգացման մեծ գործընթացին։