ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
03.11.2025
Թակարդում արգելափակված արջի քոթոթը փրկվել և տեղափոխվել է փրկարար կենտրոն

ՇՄՆ էկոպարեկային ծառայությունը Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին  ահազանգ է փոխանցել, որ Վայոց ձորի մարզի Հերմոն բնակավայրի վարչական տարածքում հայտնաբերվել է ցանկապատում արգելափակված արջի քոթոթ։
Տեսչական մարմնի աշխատակիցները մեկնել են նշված վայր, որտեղ մետաղական ինքնաշեն լարանի մեջ արգելափակված հայտնաբերել են մոտ 2 տարեկան արջի քոթոթ։ Տարածքի տեղազննման արդյունքում հայտնաբերվել են նաև 3 մետաղական ինքնաշեն լարան, որոնք առգրավվել են։
Քոթոթի վնասվածքները բուժելու և հետագայում նրան վայրի բնություն վերադարձնելու նպատակով՝ վայրի կենդանին տեղափոխվել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի Ուրցաձորի կովկասյան կենսաբազմազանության ապաստարան։ 
Առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե։