Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի ղեկավարի տեղակալ Գայանե Շահնազարյանը «Արմենպրես»-ի մամուլի սրահում մասնակցեց ասուլիսի, որի շրջանակներում տեղեկացրեց, որ Երևանում, հատկապես Կենտրոն վարչական շրջանում նոյեմբերի 17-25-ը փոշու կոնցենտրացիան գերազանցել է սահմանված թույլատրելի սահմանը մինչև 4 անգամ։ Այդ ցուցանիշը հատկապես բարձր է եղել նոյեմբերի 21-ին և նոյեմբերի 25-ին։
«Ի տարբերություն Կենտրոն վարչական շրջանի, Արաբկիր վարչական շրջանում փուշու թույլատրելի կոնցենտրացիան գերազանցվել է 1,1-1,6 անգամ, Շենգավիթ վարչական շրջանում էլ գերազանցել է միայն նոյեմբերի 25-ին՝ 1,2 անգամ։ Երևանի վարչական շրջաններում նկատվել է նաև ծծմբի երկօքսիդների կոնցենտրացիաների աճ, սակայն չի գերազանցել թույլատրելի սահմանը»,-ասաց Գայանե Շահնազարյանը։
«Տարվա այս ժամանակահատվածում այս երևույթը բնորոշ է Արարատյան գոգավորությանը։ Այս սեզոնին օդի ջերմաստիճանը կտրուկ ընկնում է, հատկապես գիշերային ժամերին։ Քամիների բացակայությամբ պայմանավորված էլ առաջանում է օդային սառը զանգվածների կուտակում։ Յուրաքանչյուր տարի այս ժամանակահատվածում օդի աղտոտվածության խնդիրը սրվում է ու անհանգստություն է պատճառում քաղաքացիներին»,-հավելեց Գայանե Շահնազարյանը։
Հաճախ քաղաքացիների շրջանում խուճապային անհանգստությունը գալիս է նրանից, որ որոշ մարդկանց կողմից իրականացվում է օդի աղտոտվածության դիտարկում ոչ պրոֆեսիոնալ սարքավորումների միջոցով և այդ տվյալները հանրայնացվում են։ Մասնագետը խորհուրդ է տալիս հետևել պաշտոնական տեղեկատվությանը, որովհետև այդ տվյալները որակի ճշգրտության տեսանկյունից բազմաթիվ փուլեր են անցնում։
