ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
11.03.2021
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Ա. Մազմանյանը առցանց ձևաչափով աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարումն ու պահպանությունն իրականացնող ՊՈԱԿ-ների գիտական և էկոտուրիզմի բաժինների ներկայացուցիչների հետ

Քննարկվել են ՊՈԱԿ-ների գործունեությանն առնչվող հետևյալ հարցերը՝
Էկոկրթություն
ՊՈԱԿ-ների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել նախարարության համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուների հետ համատեղ տաբեր տարիքի երեխաների և պատանիների համար պարբերաբար անցկացնել կրթական առցանց դասընթացներ։
Դասընթացները նպատակ ունեն գիտելիքներ փոխանցել կենսաբազմազանության պահպանության և կայուն զարգացման գործընթացներում ԲՀՊՏ-ների դերի ու նշանակության, ԲՀՊՏ-ներում բուսական, կենդանական աշխարհի, տեղի էնդեմիկ, հազվագյուտ բուսատեսակների ու կենդանատեսակների, նրանց պահպանության և էկոզբոսաշրջության վերաբերյալ՝ բարձրացնելով այդ տարածքների ճանաչելիության աստիճանը։
Դասընթացներին կարող են մասնակցել նաև  այն երեխաները, որոնք բնակվում են Հայաստանից դուրս. սա հնարավորություն կտա ավելի լավ ճանաչել հայրենի բնաշխարհը և ծանոթանալ Հայաստանի բնապահպանական խնդիրներին։
Բնության հատուկ պահպանվող տարածքների՝ սոցիալական ցանցերում պատշաճ ներկայացվածություն
Քննարկվել է բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարումն իրականացնող ՊՈԱԿ-ների՝ սոցիալական ցանցերում ներկայացվածության և ակտիվության ապահովման համար ռազմավարության մշակման հարցը։
Էկոզբոսաշրջությունը բնության հատուկ պահպանվող տարածքներում
Քննարկվել են զբոսաշրջային սեզոնի մեկնարկին ընդառաջ իրականացվող աշխատանքները, այդ համատեքստում նախատեսված առաջիկա միջոցառումները։ Հնչեցվել են տարբեր առաջարկներ՝ ինչպես իրականացնել արդեն իսկ նախատեսված ծրագրերն ու միջոցառումները  covid19 համավարակի պայմաններում։