ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ասամբլեայի 7-րդ նստաշրջանի (UNEA-7) շրջանակում Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպում է ունեցել Միացյալ Թագավորության խորհրդարանական փոխպետքարտուղար և Բնության նախարար Մերի Գրեգի հետ։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նախորդիվ Բրազիլիայում՝ COP30-ի շրջանակում, ինչպես նաև սեպտեմբերին Նյու Յորքում տեղի ունեցած երկկողմ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը։
Անդրադարձ է կատարվել 2026 թվականին Հայաստանում անցկացվելիք ՄԱԿ «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի՝ COP17 համաժողովի նախապատրաստական աշխատանքներին։ Քննարկվել են կազմակերպչական և բովանդակային նախապատրաստական գործընթացները, համաժողովի օրակարգային հիմնական ուղղությունները, միջազգային գործընկերների ներգրավման հնարավորությունները, ինչպես նաև կենսաբազմազանության պահպանության, էկոհամակարգերի վերականգնման, ֆինանսավորման մեխանիզմների ձևավորման և կարողությունների զարգացման հարցերը։
Նախարար Մաթևոսյանը տիկին Գրեգին է ներկայացրել համաժողովի արդեն պատրաստ տարբերանշանը և կարգախոսը՝ անդրադառնալով դրանց հիմքում դրված գաղափարական մոտեցումներին, որոնք արտացոլում են կենսաբազմազանության պահպանության կարևորությունը և Հայաստանի` որպես համաժողովը հյուրընկալող երկրի բնապահպանական քաղաքականության արժեքները։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Կալի հիմնադրամին և դրա դերակատարմանը կենսաբազմազանության պահպանությանն ու Կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման ֆինանսական գործիքների զարգացման գործում։
Կողմերը վերահաստատել են համագործակցության խորացման և հետագա համատեղ քայլերի ուղղությամբ իրենց պատրաստակամությունը։
