ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
18.09.2025
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Մեծ Բրիտանիայի փոխդեսպանի և դեսպանության առևտրի ու ներդրումների հարցերով պատասխանատու, կլիմայի փոփոխության համակարգողի հետ

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Մեծ Բրիտանիայի  փոխդեսպան Պոլ Մորիսի և դեսպանության առևտրի ու ներդրումների հարցերով պատասխանատու, կլիմայի փոփոխության համակարգող Պայծառ Աբրահամյանի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի համար կարևորագույն բնապահպանական առաջնահերթություններն ու դրանց շուրջ առաջիկա միջազգային համագործակցության հնարավորությունները։ Կողմերը հատուկ անդրադարձել են 2026 թվականին Հայաստանում անցկացվելիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի COP17 համաժողովի նախապատրաստական աշխատանքներին՝ ընդգծելով այդ համաժողովի նշանակությունը գլոբալ բնապահպանական օրակարգում։
Նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը ներկայացրել է նաև «Հայաստանի ազգային կենսաբազմազանության ռազմավարության և գործողությունների պլանի հաստատման մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընթացիկ աշխատանքները, որոնք միտված են կենսաբազմազանության պահպանության, բնական ռեսուրսների կայուն կառավարման և բնապահպանական քաղաքականության արդյունավետ իրականացման ապահովմանը։
Կողմերը քննարկել են  առաջիկա խոշոր բնապահպանական միջոցառումները, դրանցում Հայաստանի Հանրապետության մասնակցությունն ու ներկայացվելիք օրակարգերը։ 
Հանդիպման արդյունքներով ընդգծվել է հայ-բրիտանական համագործակցության խորացման և համատեղ նախաձեռնությունների իրականացման կարևորությունը՝ ուղղված Հայաստանի բնապահպանական կարողությունների ամրապնդմանը և միջազգային բնապահպանական պարտավորությունների պատշաճ կատարմանը։