Շրջակա միջավայրի նախարարությունում անցկացվել է աշխատանքային հանդիպում՝ նվիրված Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին Բեռնի կոնվենցիայի շրջանակներում Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքին։
Հանդիպմանը մասնակցել են «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ն, «Հայաստանի անտառներ» ՀԿ-ն, «Կանաչ Հայաստան» բնապահպանական ՀԿ-ն, միջազգային CEE Bankwatch Network կազմակերպության ներկայացուցիչը, ինչպես նաև մի շարք այլ բնապահպանական և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ ու միջազգային փորձագետներ։
Քննարկումները ծավալվել են կառուցողական մթնոլորտում՝ ապահովելով երկխոսության բաց հարթակ նախարարության և շահառու խմբերի միջև։ Մասնակիցները անդրադարձել են մի շարք հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի, այդ թվում՝ Հայաստանում թեկնածու էմերալդ տարածքների վերանայման գործընթացին, Ամուլսարի հանքավայրի հետ կապված բնապահպանական խնդիրներին, ինչպես նաև այլ ընթացիկ և հրատապ բնապահպանական հարցերին։
Հանդիպման արդյունքում կողմերը պայմանավորվեցին շարունակել երկխոսությունը՝ քաղաքացիական հասարակության կողմից ներկայացված մտահոգությունները և առաջարկությունները լիարժեքորեն հաշվի առնելու նպատակով՝ բնապահպանական որոշումների կայացման գործընթացում ապահովելով թափանցիկություն, ընդգրկունություն և հանրային մասնակցություն։
