ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
12.09.2025
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալը մասնակցել է ԵԱՀԿ Ֆորումին

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը Պրահայում մասնակցել է   ԵԱՀԿ-ի  «Կառուցելով դիմացկուն ապագա փոփոխվող կլիմայական պայմաններում» խորագրով տնտեսական և բնապահպանական համաժողովին։ Սեպտեմբերի 11-ին, համաժողովի երկրորդ նիստին, որը նվիրված էր «Հասարակության ողջ ներուժի ներգրավումը՝ ներդրումներ կայունության և պատրաստվածության համար» թեմային նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը հանդես է եկել ելույթով։
Իր խոսքում նա ընդգծել է, որ կլիմայական փոփոխությունը և կենսաբազմազանության կորուստը միահյուսված ճգնաժամեր են, որոնք փոխադարձաբար ուժեղացնում են միմյանց բացասական ազդեցությունները։ «Կլիմայական փոփոխությունը մեծացնում է խոցելիությունները՝ ուժեղացնելով երաշտները, ջրհեղեղները և հրդեհները, մինչդեռ կենսաբազմազանության կորուստը նվազեցնում է էկոհամակարգերի կայունությունը։ Այս վտանգավոր շրջափուլը պետք է կոտրել մեր համատեղ ջանքերով», – նշել է Մեյմարյանը։
Նա ներկայացրել է Հայաստանի փորձը՝ նշելով, որ վերջին տասնամյակներում մեր երկրի միջին տարեկան ջերմաստիճանը աճել է ավելի քան 1.3°C-ով։ Ըստ կանխատեսումների՝ տաքացումը կշարունակվի՝ վտանգելով ջրային ռեսուրսները, էներգետիկ անվտանգությունը և սննդամթերքի մատակարարումը։
Նախարարի տեղակալը շեշտել է, որ բնության ու կենսաբազմազանության պահպանությունը պետք է դիտարկվեն ոչ թե որպես ծախս, այլ որպես ներդրում ազգային անվտանգության և տնտեսության կայունության համար։ Հայաստանը ակտիվորեն իրականացնում է անտառվերականգնման, հողերի վերականգնման և կայուն գյուղատնտեսության ծրագրեր՝ կապելով կենսաբազմազանության պահպանությունն ու կլիմայական ադապտացիան միասնական ռազմավարության մեջ։
Մեյմարյանը նաև հիշեցրել է, որ 2026 թվականի հոկտեմբերին Երևանը կընդունի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (CBD COP17)։ «Հայաստանը որպես հյուրընկալող և նախագահող երկիր պարտավորվում է ապահովել ընդգրկուն և արդյունավետ համաժողով՝ ներգրավելով բոլոր շահագրգիռ կողմերին՝ կառավարություններից մինչև քաղաքացիական հասարակություն»։