ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
31.08.2017
Հանրապետության շենքերի էներգաարդյունավետությունը ՄԱԶԾ-ի և ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում

Օգոստոսի 31-ին աշխատանքն է սկսել «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի մեկնարկային աշխատաժողովը՝ ներկայացնելու ծրագրի հիմնական նպատակները և նախատեսված միջոցառումները, ինչպես նաև էներգաարդյունավետության բարձրացման գծով շենքերի ոլորտում առկա միջազգային փորձը և նվաճումները: Աշխատաժողովին բացման խոսքով հանդես են եկել ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն, Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը, ՀՀ ԷԵԲՊ նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը, ՄԱԶԾ քաղաքականության և ծրագրերի օժանդակության համար գլոբալ բնապահպանական ֆինանսական բյուրոյի գործադիր համակարգող Ադրիանա Դինուն: Ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին և բարձրաստիճան հյուրերին՝ նախարար Ա. Մինասյանը շնորհակալություն է հայտնել Կլիմայի կանաչ հիմնադրամին, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրին՝ իր բնույթով նորարարական և բարդ ծրագրի մշակման և այն կյանքի կոչելու վստահության համար: «Ծրագիրն ունի բնապահպանական ուղղվածություն՝ այն է կրճատել ջերմոցային գազերի արտանետումները, որը համահունչ է կլիմայի փոփոխության մեղմման միջազգային գործընթացների նպատակներին: ՀՀ բնապահպանության նախարարությունը, որպես ծրագիրը համակարգող գերատեսչություն, ամենայն պատասխանատվությամբ գիտակցում է դրա հաջող իրականացման կարևորությունը, որի տեսանելի արդյունքներն օրինակելի կարող են դառնալ և ծառայել որպես երաշխիք Կլիմայի կանաչ հիմնադրամի կողմից նոր ռեսուրսների ներգրավման համար: Կարևորում ենք այն հանգամանքը, որ շենքերում էներգետիկ ռեսուրսների սպառման կրճատումը, բացի ակնհայտ սոցիալական օգուտներից, համապատասխանում է նաև մեր երկրի էներգետիկ անկախության բարձրացման և շենքային ֆոնդի պահպանության քաղաքականությանը»,-նշել է Արծվիկ Մինասյանը՝ ծրագրի հաջողության գրավականը համարելով գործընկերային մթնոլորտի ստեղծումը պետության, տեղական ինքնակառավարման մարմինների և մասնավոր հատվածի միջև: ԿԿՀ կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից իրականացվող «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագիրը միտված է նպաստելու ջերմոցային գազերի արտանետումների նվազեցմանը Հայաստանում գոյություն ունեցող շենքերի ֆոնդից: Նախատեսվում է ապահովել մոտ 50-60 տոկոս էներգախնայողություն շենքերի ջերմային մեկուսացման միջոցով: Այս ծրագիրը հասցեագրվելու է ինչպես հասարակական, այնպես էլ բնակելի շենքերին, կենտրոնանալով շուկայի խոչընդոտների հաղթահարման միջոցով էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների կենսունակ բիզնես-մոդելի և բարենպաստ շուկայական միջավայրի ստեղծման վրա: Քաղաքականության և ֆինանսական ռիսկերի նվազեցման գործիքների համադրության և շուկայի առանցքային խաղացողների և շահառուների համար հասցեագրված ֆինանսական արտոնությունների միջոցով փորձ է արվելու հաղթահարել էներգաարդյունավետության միջոցառումների խոչընդոտները: Ծրագիրը Կլիմայի կանաչ հիմնադրամի կողմից աշխարհում ֆինանսավորված 10-րդն է, իսկ եվրասիական տարածաշրջանում՝ առաջինը: Վեց տարվա տևողությամբ այս ծրագրի համար Կանաչ կլիմայի հիմնադրամը տրամադրել է 20 մլն դոլար դրամաշնորհային միջոցներ: Ծրագրի վերաբերյալ հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք հետևյալ կայքը՝ http://nature-ic.am/en/projects/De-Risking-Investments-in-EE-Buildings/18