ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
24.08.2017
««Խոսրովի անտառ» պետական արգելոցի կարգավիճակը չի փոխվելու». Արծվիկ Մինասյան

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի հրդեհը վեր հանեց բարդ լանդշաֆտների համար նախատեսված հակահրդեհային տեխնիկական հագեցվածության խնդիրը. Լրագրողներին այսօր հանդիպել են ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը և ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը: Պատասխանելով լրագրողների հարցերին ՝ պաշտոնյաները ներկայացրել են «Խոսրովի անտառ» պետական արգելոցում բռնկված հրդեհի մարման աշխատանքները, խոսել կրած վնասների, նախատեսվող անելիքների մասին: Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը նշել է, որ օգոստոսի 12-ից բռնկված հրդեհներին արձագանքը եղել է շատ արագ և պատասխանատու: Նախնական տվյաների համաձայն արգելոցի տարածքում այրվել է 1600 հա, որից անտառածածկ տարածքը կազմել է շուրջ 250 հա: Խոշոր կաթնասունների մասով արձանագրված կորուստ չկա, բուսականության մասով ամբողջական գնահատական կտրվի հաջորդ տարի: Արծվիկ Մինասյանը հավաստիացրել է, որ վնասի վերաբերյալ նախարարությունը թաքցնելու ոչինչ չունի: «Մենք մի քանի աղբյուրներ ենք համադրելու, որպեսզի ունենանք առավելագույն ճշգրիտ պատկեր: Այն ինչ այս պահին ներկայացվեց անտառի մոնիտորինգի նախնական տվյալներն են: Ուզում եմ նաև վստահեցնել ձեզ, որ չի լինելու որևէ բան, որ կմտածեք կարող է թաքցնում ենք: Ոչ, այդպիսի խնդիր չկա, ավելին, մենք ուզում ենք ավելի պարզ, տեսանելի, հասկանալի և հրապարակային գնահատականներ հնչեցնենք այս մասով, որպեսզի հետագայում վերականգնողական աշխատանքները լինեն ավելի նպատակային և ողջ հասարակության ներգրավմամբ»,- ասել է նախարարը՝ նշելով, որ կա հարուցված քրեական գործ և սպասում են իրավապահների գնահատականին: «Խոսրովի անտառ» պետական արգելոցում հեռահաղորդակցության ցանցի բացակայության վերաբերյալ հարցին ի պատասխան Դավիթ Տոնոյանը հայտնել է , որ ՀՀ Նախագահի և վարչապետի հանձնարարությամբ բնապահպանության նախարարը մեկ անգամ արդեն խոսել է բջջային կապի օպերատորների հետ, որոնք առաջարկում են լուծումներ և մոտ ժամանակներում հնարավոր է կապն ապահովվի: Արծվիկ Մինասյանը տեղեկացրել է բանակցությունների մասին՝ հույս հայտնելով, որ առաջիկա 20 օրվա ընթացքում խնդիրը կլուծվի: Նախարարությունը ցանկանում է արգելոցում Wi-Fi սարքավորումներ տեղադրել, որը կօգնի նաև մոնիտորինգային աշխատանքներին, որսագողության դեմ պայքարին: Պատասխանելով արգելոցում ծառատնկման հնարավորության վերաբերյալ հարցին, բնապահպանության նախարարը կրկին նշել է, որ արգելոցային ռեժիմն այսօրվա գործող օրենքով թույլ չի տալիս որևէ միջամտություն, որևէ գործունեություն, անգամ բույսերի արհեստական աճեցում, ևս մեկ անգամ հայտարարելով, որ արգելոցի կարգավիճակը չի փոխվելու: