ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
15.08.2017
Շարունակվում են ՀՀ բնապահպանության նախարարության «Խոսրովի անտառ» պետական արգելոցի հրդեհաշիջման աշխատանքները

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի գլխավորությամբ նախարարության ստորաբաժանումների աշխատակիցները, հրդեհի վայրում գիշերային գործողությունից հետո օգոստոսի 15-ի լուսաբացից վերսկսել են հրդեհաշիջման աշխատանքները: Հրդեհի դեմ պայքարին մասնակցում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարներ, ՀՀ ՊՆ Արարատի զորամասի զինծառայողներ, ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Արարատի մարզային վարչության աշխատակիցներ, կամավոր դեպի վայր մեկնած բնապահպան ակտիվիստներ և քաղաքացիներ, Արարատի մարզի համայնքների բնակիչներ: Օգոստոսի 12-ից արգելոցում բռնկված հրդեհը մարելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են նոր թափով: «Խոսրովի անտառ» պետական արգելոցի Խոսրովի տեղամասում հրդեհի դեմ պայքարում էին ՀՀ բնապահպանության նախարարության 150 աշխատակից: Աշխատանքներին մեծապես խոչընդոտում են բարդ ռելիեֆը և դրան համապատասխան տեխնիկայի բացակայությունը: Օգոստոսի 15-ի առավոտյան աշխատանքներում ներգրավվել է նաև ՌԴ ԱԻՆ ինքնաթիռը:   ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հայտնել է, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում հրդեհը բռնկվելուց հետո շատ արագ է տարածվել, անմիջական գործողություններն արդյունքն չեն տվել թե´ տեղանքի, թե´ կլիմայական պայմանների առանձնահատկությամբ. «Մասնավորապես` լինելով պետական արգելոց, որտեղ օրենքի ուժով արգելված է որևէ գործողություն իրականացնելը / մասնավորապես խոտհունձը, հակահրդեհային բաժանարարների ապահվումը/ ժամանակի ընթացքում այստեղ ձևավորվել է մի միջավայր, որը հրդեհի տեսանկյունից բարձր ռիսկային դաշտում է գտնվել: Թեև կանխարգելիչ բազմաթիվ գործողություններ են ձեռնարկվել, սակայն հրդեհից խուսափել չի հաջողվել, ինչի հետևանքով պետական արգելոցի տարածքում, ինչպես նաև համայնքային նշանակության տարածքներում հրդեհը բռնկվել և շատ արագ տարածվել է: Ներկայում այն ընդգրկում է արգելոցի էական մասը, որը բնապահպանական առումով համարվում է չափազանց մեծ վնաս:Այն վնաս է հասցրել թե´ բուսական աշխարհին` հարյուրամյա ծառերին, թե´ կենդանկան աշխարհին: Տարածքի առանձնահատկությունը նաև այն է, որ պետարգելոցը գտնվում է էկոմիջանցքում: Եղած մարդկային, տեխնիկական հնարավորությունների սահմաններում բոլոր գործողությունները ձեռնարկվել են, սակայն տեղանքի առանձնահատկությամբ պայմանավորված անհնարին է եղել կանգնեցնել հրդեհը: Կատարվում են հրդեհաշիջման աշխատանքներ օդային տարածքից, որից հետո կհանգցվեն նաև մնացած հատվածները»: