ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
14.07.2017
ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Էրիկ Գրիգորյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարարի տեղակալ Ալիռեզա Դաեմիի գլխավորած պատվիրակությանը

Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության Միջկառավարական հանձնաժողովի 14-րդ համատեղ նիստի Փոխըմբռնման հուշագրի կատարման ընթացքը վերահսկող հանձնախմբի նիստի շրջանակներում Հայաստան ժամանած Ալիռեզա Դաեմիի հետ քննարկվել են բնապահպանության ոլորտում կարճաժամկետ և երկարաժամկետ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր` մասնավորապես անդրադարձ կատարելով Փոխըմբռնման հուշագրի կետերով նախանշված գործողություններին և դրանց իրականացման ժամկետներին: Փաստաթղթի շրջանակներում իրանական կողմը բարձրաձայնել է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից Արաքս գետի աղտոտման խնդիրը և կեղտաջրերի շրջանառու փակ համակարգի ներդրման ժամանակացույցին վերաբերվող հարցեր։ ՀՀ բնապահպանության առաջին փոխնախարար Էրիկ Գրիգորյանը նշել է, որ ջրային ռեսուրսների կառավարման հարցերը չեն կարող սահմանափակվել մեկ աղտոտման աղբյուրով` միևնույն ժամանակ արձանագրելով այն հանգամանքը, որ ՀՀ-ում ձևավորվող ջրային ռեսուրսների մեծ մասը թափվում է Արաքս գետ, որը հարևան երկրների կողմից օգտագործվում է ոռոգման և այլ նպատակներով ինչը խիստ ուշագրավ է տարածաշրջանում քաղցրահամ ջրի սակավության ֆոնին: Վկայակոչելով ջրի որակի մոնիթորինգի տվյալները` Էրիկ Գրիգորյանը կարևորեց նաև մոնիթորինգային աշխատանքային խմբի կողմից Հայաստանին ոչ սահմանակից հատվածում աղտոտման աղբյուրների և ջրառի ծավալների ուսումնասիրության խնդիրը: Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձան նաև էկոհամակարգային ծառայությունների միջազգային ընդունված փորձին, ինչպես նաև քննարկեցին Փոխըմբռնման հուշագրով նախատեսված գործողություններն իրականացման ընթացքում միջագային դոնոր կազմակերպությունների ներգրավման հնարավորությունները և այլ հարցեր: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ալիռեզա Դաեմին կարևորել է ընդունված ծրագրի իրականացումը և Հայկական պատվիրակությանը հրավիրել է Իրանի Իսլամական Հանրապետություն՝ իրանական փորձը ուսումնասիրելու, որի հիման վրա հետագայում առավել իրատեսորեն կմշակվի փակ համակարգի ներդրման տեխնիկական, ֆինանսավորման և ժամկետների հարցերը։