ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից գիտատեխնիկական խորհրդի հերթական նիստը, որի ժամանակ քննարկվել են գիտնականների և գյուտարարների` գերատեսչությանն ուղղված առաջարկները և խորհրդի անդամների զեկույցները: Շինարար, ճարտարագետ Մ. Սահակյանը ներկայացրել է հաղորդակից անոթների օրենքի հիման վրա գետերի ջրերը խողովակներով բարձրացնելու և ավելի մեծ տարածքներում ոռոգման նպատակով օգտագործելու, ինչպես նաև մինի ջրամբարների կառուցման առաջարկները: Բանախոսը նշել է, որ իր հեղինակած նախագծերի իրագործումը կնպաստի ջրային ռեսուրսների, էլեկտրաէներգիայի խնայողությանը և գյուղական համայնքների զարգացմանը: «Մարտահրավերներ երեխաների համար՝ շրջակա միջավայրի դեգրադացման և կլիմայի փոփոխության հետևանքով» զեկույցով հանդես է եկել Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի «Էկոլոգիայի և կայուն զարգացման» ամբիոնի վարիչ, աշխարհագրական գիտությունների դոկտոր Կարինե Դանիելյանը: Բանախոսը ներկայացրել է խնդրի վերաբերյալ իր ուսումնասիրությունների արդյունքները և տվել առկա իրավիճակի բարելավմանն ուղղված առաջարկներ, որոնք վերաբերում են ընդերքօգտագործման, պոչամբարների խնդիրներին, էկոկրթությանը, բնածին ռիսկերի նվազեցման ոլորտում գործունեության ակտիվացմանը և կայուն զարգացման նպատակների տեղայնացմանը: Անդրադառնալով ելույթներում բարձրացված հարցերին՝ Արծվիկ Մինասյանը տեղեկացրել է, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը հանքարդյունաբերության բնագավառում բնապահպանական պարտավորությունների կատարումը կանոնակարգելու և պատասխանատու հանքարդյունաբերություն ձևավորելու ուղղությամբ մեծ ծավալի աշխատանքներ է իրականացնում: Բացի այդ <<Արտաքին պարտք՝ բնության պահպանության դիմաց>> բանաձևի շրջանակներում նախատեսվող գործընթացների կարևոր բաղադրիչներից է պոչամբարների անվտանգության բարձրացմանը և շրջակա միջավայրի վրա դրանց բացասական ազդեցության նվազեցմանն ուղղված ծրագրերը: <<Սակայն գերատեսչության առաջնային նպատակն է մշակել այնպիսի մեխանիզմներ, որոնք կբացառեն, կամ նվազագույնի կհասցնեն հանքարդյունաբերության բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա>>,- շեշտել է Արծվիկ Մինասյանը և խորհրդի անդամ ու նիստին հրավիրված գիտնականներին խնդրել այդ հարցում աջակցություն ցուցաբերել՝ գիտական մոտեցումների և համալիր հետազոտությունների արդյունքների վրա հիմնված առաջարկություններ մշակելու նպատակով: Նիստում ելույթ է ունեցել նաև Երկրների ու աշխարհամասերի հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ, տնտեսական գիտությունների դոկտոր Վ. Համազասպյանը: Գիտնականը ներկայացրել է տեղեկատվություն հելիոֆիկացիայի ծրագրի մասին, որտեղ շեշտը դրվում է արդյունաբերության ու գյուղատնտեսության մեջ արևային տեխնոլոգիաների անմիջական կիրառման վրա: Ծրագրի իրականացումը թույլ կտա փոխել Հայաստանի տնտեսության զարգացման հիմնական հայեցակարգը՝ շեշտը դնելով արևային գերէժան էներգիայի օգտագործմամբ կանաչ տեխնոլոգիաների զարգացման վրա: Ամփոփելով քննարկումների արդյունքներն Արծվիկ Մինասյանը հիշեցրել է, որ <<Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ>> պետական հիմնարկը հավատարմագրվել է որպես Հարմարվողականության հիմնադրամի 25-րդ ազգային իրականացնող մարմնի և եթե կան գիտական նորարարական հենքի վրա ձևավորված գաղափարներ, որոնք ուղղված են գլոբալ կլիմայական փոփոխությունների մեղմմանը, ապա կարղ են դրանք ներկայացնել ծրագրի տեսքով՝ Հանրապետության բնապահպանական խնդիրների լուծման և դրամաշնորհային միջոցների ներգրավման համար:
