Հունիսի 12-ին Պրահայում Հայաստանի դեսպանությունում ստորագրվեց համագործակցության հուշագիր՝ Չեխիայի Հանրապետության բնության պահպանության գործակալության և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության միջև տեղեկատվության և փորձի փոխանակման վերաբերյալ։ Հայկական կողմից հուշագիրը ստորագրեց բնապահապանության փոխնախարար Խաչիկ Հակոբյանը, իսկ չեխական կողմից՝ գործակալության տնօրեն Ֆրանտիշեկ Պելցը։ Ստորագրման հանդիսավոր արարողությանը ներկա Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը շնորհավորելով կողմերին, նշեց, որ հուշագիրը նոր հնարավորություններ է տալիս հայ եւ չեխ բնապահպաններին ավելի սերտ համագործակցության համար։ Նրա ասելով, 2010 թվականից արդեն իսկ համագործակցում են չեխական Կրկոնոշի եւ Դիլիջանի Ազգային այգիները։ Հայաստանի բնապահպանության փոխնախարար Խաչիկ Հակոբյանը ՕՐԵՐ-ի հետ զրույցում նշեց, որ հուշագրով մեծ տեղ է տրվում տեղեկատվության փոխանակմանը բնության և լանդշաֆտների պահպանության, հաղորդակցության, կրթության և հանրության իրազեկության վերաբերյալ տեղեկատվության կանոնավոր փոխանակման ոլոտում, ինչը ենթադրում է միասնական ձեւաչափով կենդանական աշխարհի, բնության եւ հատուկ տարածքների հավաքագրում, վերլուծում, փորձի փոխանակում, թե՛ կառավարման եւ թե՛ նեղ մասնագիտական առումով։ Հուշագիրը ենթադրում է նաեւ էկոտուրիզմի խթանում, իսկ Եվրոպական Միության շրջանակներում Հայաստանը Չեխիայի հետ հանդես կգա համատեղ նախագծերով եւ կիրականցնեն միասնական ծրագրեր։ Իր հերթին Ֆրանտիշեկ Պելցը ՕՐԵՐ-ին հայտնեց, որ իրենք կարեւորում են ոչ միայն թղթի վրա ստորագրած հուշագրերը, այլեւ կարճաժամկետ կոնկրետ ծրագրերը, որոնք կիրականցվեն երկու տարվա ընթացքում։ Նրա ասելով, Չեխիան ԵՄ օգնությամբ շատ մեծ փորձ է կուտակել հատկապես բնապահպանական տվյալների մոնիտորինգի համակարգ ստեղծելու եւ դրա վերլուծության բնագավառում, ինչը բավականին օգտակար կլինի նաեւ Հայաստանի համար։ Մենք մոտ 20 միլիոնի հասնող շտեմարան ունենք, եւ շատ դյուրությամբ կարող ենք ասել, թե որտեղ կա բնապահպանական խնդիր, եւ որտեղ այն չկա։ Նույնը կարելի է ստեղծել նաեւ Հայաստանում։ Էկոտուրիզմը խթանելու նպատակով նման մոնիտորինգներ կանցկացվեն նաեւ Հայաստանում, եւ արդյունքները կտրամադրվեն նաեւ զբոսաշրջիկներին, ովքեր ոչ միայն կծանոթանան Հայաստանի տեսարժան վայրերին, այլեւ դրանց պահպանման անհրաժեշտությանը եւ կարեւորությանը։ ,,Հայաստանը յուրահատուկ բնություն ունեցող երկիր է։ Պետք է գտնել այն ոսկե միջինը, որ ե՛ւ այդ հրաշք շրջակա միջավայրը պահապանեն եւ միաժամանակ էկոտուրիզմը զարգացնեն,,- ասաց նա։ Այս տարի արդեն իսկ նախատեսվում են փոխայցեր։ Առաջիկա օրերին՝ հունիսի 13-14-ը նախատեսվում է նաեւ փոխնախարար Խաչիկ Հակոբյանի մասնակցությունը Օստրավայում կայանալիք Եվրամիության ,,Շրջակա միջավայրը եւ առողջապահությունը,, նախարարական հանդիպմանը, ուր կքննարկվեն բնապահպանական եւ առողջապահական գլոբալ խնդիրներ։ Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Չեխիայի բնապահպանական նախարարությունների միջեւ առաջին համաձայնագիրը ստորագրվել է դեռեւս 2004 թվականին՝ նախարարներ Վարդան Այվազյանի եւ Լիբոր Ամբրոզեկի փոխայցերի արդյունքում։ Այդ տարիներին Չեխիայի բնապահպանական ֆոնդն արդեն իսկ ֆինանսական աջակցություն է ցույց տվել հայկական կողմին։ Իսկ Չեխիայի բնապահպանության նախկին նախարար Լիբոր Ամբրոզեկը 2004թ-ին ՕՐԵՐ-ին տված հարցազրույցում ասել էր. ,,Հայաստանի մեծ հարստությունը նրա բնությունն ու կենսաբանական բազմազանությունն է, որոնց մենք այստեղ՝ Եվրոպայի կենտրոնում կարող ենք միայն ու միայն նախանձել։ Հայաստանը ոչ միայն իր հազարամյա պատմությամբ եւ մշակույթով, այլեւ իր բնությամբ Եվրոպայի եւ ողջ աշխարհի հարուստ ժառանգությունն է։ Ուստի Չեխիայի Հանրապետությունը նույնպես շահագրգռվածություն է ցուցաբերում շրջակա միջավայրի բնագավառում երկկողմանի համագործակցության հարցում, որպեսզի այդ հարստությունը միշտ պահպանվի ու բարգավաճի,,։ Հ.Ա. ՕՐԵՐ
