ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
29.05.2017
«Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում մաքրման աշխատանքներ են արվել ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի տարածքային բոլոր ստորաբաժանումների կողմից

ՀՀ բնապահպանության նախարարության ներքո գործող բնության հատուկ պահպանվող բոլոր տարածքներում /ԲՀՊՏ-ներ/ և դրանց հարակից համայնքների մերձակայքում, որոնք ընդգրկում են Հայաստանի բոլոր մարզերը, իրականացվել են մաքրման և բարեկարգման աշխատանքներ: Համապետական շաբաթօրյակին մասնակցել են ոչ միայն ԲՀՊՏ-ների այլև նախարարության աշխատակազմի տարածքային ստորաբաժանումների աշխատակիցները: «Սևան» ազգային պարկի աշխատակիցներն աղբից մաքրել են հանրային երեք լողափ, պարկի արգելոցները, արգելավայրերը, ռեկրեացիոն և տնտեսական գոտիները: ՀՀ Սյունիքի մարզի «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ում մաքրվել են «Սոսու պուրակ» արգելավայրը, «Շիկահող» արգելոցի ջրվեժի և Նախնադարյան կամրջի, այցելուների կենտրոնի հարակից տարածքները, «Արևիք» ազգային պարկի Բողաքար արգելավայրի, Նյուրքի աղբյուրի և Շվանիձոր համայնքին հարակից տարածքներ, «Զանգեզուր» արգելավայրի Նոր Աստղաբերդի տեղամասը: «Արփի լիճ» ազգային պարկ»-ի աշխատակիցները մաքրել են վարչական շենքի տարածքը, Զորակերտ, Բերդաշեն, Ծաղկուտ գյուղերի և Արփի լճով անցնող սահմանաեզրի միջև գտնվող տարածքները: «Խոսրովի անտառ» պետական արգելոցում մաքրվել են «Խոսրով», «Խաչաձոր», «Գառնի», «Կաքավաբերդ» տեղամասերը, «Խոր-վիրապ» պետական արգելավայրը, «Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրը: ՀՀ Տավուշի մարզի Կողբ գյուղից մինչև «Զիկատար» պետական արգելավայրի տարածք տանող ճանապարհը, «Զիկատար» ուսումնական կենտրոնի հարակից և մոտակայքում գտնվող լճակի տարածքները մաքրել են ուսումնական կենտրոնի աշխատակիցները: «Դիլիջան» ազգային պարկի անձնակազմը մաքրել է Հաղարծին վանական համալիր տանող ճանապարհին կից գտնվող տաղավարները, Ջուխտակ վանքեր տանող ճանապարհին կից գտնվող տաղավարների հարակից տարածքները, Դիլիջան-Ջուխտակ վանքեր մատուռ-Շամախյան էկոերթուղին: Մաքրման աշխատանքներ են տարվել նաև «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի ենթակայության տակ գտնվող «Ջրվեժ» անտառպարկում, «Էրեբունի» պետական արգելոցում, Ստեփանավանի «Սոճուտ», «Իջևանի» և Բերդի «Սորաններ» դենդրոպարկերում: Համապետական շաբաթօրյակին միացել են նաև Բնապահպանական պետական տեսչության տարածքային ստորաբաժանումների աշխատակիցները: