ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
19.05.2017
Ներկայացվել է «Հայաստանում կարողությունների ստեղծման միջոցով անտառային հրդեհների կառավարումը կլիմայի փոփոխության համատեքստում» ծրագիրը

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի մոտ հրավիրվել է աշխատանքային քննարկում, որի ժամանակ դիտարկվել է «Հայաստանում կարողությունների ստեղծման միջոցով անտառային հրդեհների կառավարումը կլիմայի փոփոխության համատեքստում» ծրագրի նախագիծը: Ծրագիրը նախատեսվում է ներկայացնել ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և Ռուսաստատնի Դաշնության համատեղ հիմնադրամին` 1 մլն դոլարի դրամաշնորհ ստանալու նպատակով և այն կիրականացվի ՀՀ բնապահպանության նախարարության կառավարման ներքո: Հանդիպմանը ներկա էին շահագրգիռ գերատեսչությունների` ՀՀ բնապահպանության, արտակարգ իրավիճակների, գյուղատնտեսության նախարարությունների համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի աշխատակիցներ: ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կայուն աճի և զարգացման բաժնի ղեկավար Արմեն Մարտիրոսյանը ներկայացրել է ծրագրի թիրախային խնդիրները, դրանց լուծման միջոցները և ակնկալվող արդյունքները: Նշվել է, որ վերջին տասնամյակի վիճակագրական տվյալները, զեկույցները ցույց են տվել, որ Հայաստանի անտառներին և բուսականության այլ տեսակներին ավելի շատ են սպառնում անտառային հրդեհները: Դրանց քանակը և ուժգնությունը, համաձայն Կլիմայի փոփոխության Հայաստանի ազգային 3 հաղորդագրության, առաջիկա տարիներին ավելանալու է: Շատ անտառային հրդեհներ սկիզբ են առնում անտառներից դուրս, հիմնականում գյուղատնտեսական նշանակության հողերը և արոտավայրերն ավանդաբար կրակի միջոցով մաքրելու արդյունքում: Ծրագրի նպատակն է կլիմայի փոփոխություններով և մարդու գործունեությամբ պայմանավորված անտառային հրդեհների ռիսկի ակնհայտ աճի ազդեցության մեղմումը` ոլորտի քաղաքականության և իրավական դաշտի վերանայման, ազգային գործընկերների մասնագիտական և տեխնիկական կարողությունների աջակցման, հրդեհաշիջման աշխատանքների համակարգման, մշտադիտարկման, վաղ ահազանգման համակարգերի և նորարարական լուծումների ներդրման շնորհիվ: ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն առաջնային է համարել կլիմայի փոփոխություններով պայմանավորված ռիսկերի ճշգրիտ և սպառիչ գնահատումը և գույքագրված խնդիրների լուծման գործընթացում նորարարական տեխնոլոգիաների կիրառումը: Շահագրգիռ քննարկման ընթացքում հնչել են մի շարք առաջարկներ, որոնք կդիտարկվեն ծրագիրը մշակող աշխատանքային խմբի կողմից: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում կազմակերպել ևս մեկ հանդիպում ծրագրի լրամշակված տարբերակի շուրջ: