ՀՀ բնապահպանության նախարարության և «ՀՀ վերականգնվող էներգիա արտադրողների ասոցիացիա» իրավաբանական անձանց միության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր: Հուշագիրն ստորագրել են ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը և «ՀՀ վերականգնվող էներգիա արտադրողների ասոցիացիա» իրավաբանական անձանց միության գործադիր տնօրեն Ռուզան Հարությունյանը: Կարևորելով փաստաթղթի ստորագրման փաստը` նախարար Արծվիկ Մինասյանը նշել է, որ երկու կառույցների ուժերը կհամատեղվեն վերականգնվող էներգիայի բնագավառում զարգացում ապահովելու նպատակով: Կողմերը կհամագործակցեն թե´ քարոզչական, թե´ ծրագրերի իրականացման հարցերում: Ըստ բնապահպանության նախարարի, համագործակցության նպատակը վերականգնվող էներգիայի արտադրության ոլորտում բնապահպանական չափորոշիչների լիարժեք ապահովումն է` առաջնային համարելով կանաչ էկոնոմիկայի հիմնարար սկզբունքները: «Վերականգնվող էներգիա արտադրողների ասոցիացիա» իրավաբանական անձանց միության գործադիր տնօրեն Ռուզան Հարությունյանը նշել է, որ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետությունում վերականգնվող էներգիա հիմնականում արտադրում են մասնավոր ընկերությունները, Ասոցիացիան նպատակ ունի կայուն և արդյունավետ երկխոսություն հաստատել ՀՀ Կառավարության և մասնավոր հատվածի միջև: Հուշագրի շրջանակներում կողմերը կհամագործակցեն ոլորտում զարգացում ապահովելու համար միջոցների ներգրավման, ջրային ռեսուրսների ռացիոնալ օգտագործման և հսկողության իրականացման՝ ներառյալ ՓՀԷԿ-ում ինքնամոնիտորինգի համակարգի ներդրման, վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացմանն ու բնապահպանական խնդիրների կարգավորմանն ուղղված օրենսդրական և նորմատիվային փաստաթղթերի մշակման, գետերում կենսաբազմազանության պահպանությանն ուղղված հետազոտությունների և ծրագրերի համատեղ իրականացման, ՓՀԷԿ-երի կողմից պարտադիր պահպանվող էկոլոգիական թողքի և ձկնանցարանների հետ կապված համատեղ ծրագրերի իրականացման, նորմատիվ-իրավական դաշտի մշակման, միջազգային ստանդարտներին համապատասխանեցման և այլ հարցերի շուրջ:
