Սույն թվականի մայիսի 2-ից 5-ը Վրաստանի Հանրապետության մայրաքաղաք Թբիլիսիում տեղի է ունեցել Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի բնապահպանական ուղղվածությամբ լրագրողների համար նախատեսված՝ <<Հարավային Կովկասում հողերի չեզոք դեգրադացիայի ապահովում>> թեմայով տարածաշրջանային ուսումնական դասընթացը: Միջոցառմանը ներկա են եղել նաև երկրների բնապահպանության նախարարության պատասխանատուները: ՄԱԿ-ի անապատացման դեմ պայքարի կոնվենցիայի ազգային համակարգող Աշոտ Վարդևանյանը ներկայացրել է Հայաստանի հողերի դեգրադացիայի խնդիրները և դրանց լուծման ուղղությամբ կատարվող աշխատանքները: Համաժողովի մասնակից լրագրողներն աշխատանքային խմբերում մշակել են անապատացման դեմ պայքարի խնդիրների մասին իրազեկման մեխանիզմներ, որոնց հիման վրա կմշակվեն տարածաշրջանային իրազեկման ծրագրեր: Համաժողովը կազմակերպել էր Կովկասի ռեգիոնալ էկոլոգիական կենտրոնը (REC CAUCASUS) ՄԱԿ-ի Անապատացման դեմ պայքարի կոնվենցիայի և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) <<Կենսաբազմազանության ինտեգրված կառավարում Հարավային Կովկասում>> (ԿԻԿ) ծրագրի աջակցությամբ: Ողջույնի խոսքով հանդես են եկել Վրաստանի շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների պահպանության նախարարի տեղակալ Եկատերինա Գրիգալավան, Վրաստանում Գերմանիայի Դաշնային հանրապետության դեսպան Դանիել Հասը և <<Կենսաբազմազանության ինտեգրված կառավարում Հարավային Կովկասում>> ծրագրի ղեկավար Հանս-Յոախիմ Լիպը: Ելույթով հանդես են եկել Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի տնօրեններ Սոֆիկո Ախոբաձեն և Նունե Հարությունյանը: Զեկույցներով հանդես են եկել նաև Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ազգային համակարգողները: Հիմնարար ելույթով հանդես է եկել Անապատացման դեմ կոնվենցիայի քարտուղարության կենտրոնական և արևելյան Եվրոպայի երկրների պատասխանատու Ջամալ Աննակլիչեվան:
