ՀՀ բնապահպանության նախարարությունում տեղի է ունեցել ՄԱԿ-ի «Զարգացման նպատակներ» համաշխարհային գործընթացի հայաստանյան աշխատանքների իրականացման շրջանակներում ձևավորված` Կայուն Զարգացման Նպատակների համակարգման միջգերատեսչական հանձնաժողովի «Էկոլոգիական» աշխատանքային խմբի առաջին նիստը: Բացման խոսքով հանդես է եկել աշխատանքային խմբի համանախագահ ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խ. Հակոբյանը: Նախարարի տեղակալը ողջունելով ներկաներին` ներկայացրել է <<Կայուն զարգացման նպատակների>> համակարգման կարևորությունը, դրանց իրականացման հնարավորությունները և հեռանկարները: Աշխատաժողովին մասնակցել են նաև աշխատանքային խմբի համանախագահ «Հանուն մարդկային կայուն զարգացման» ասոցիացիայի նախագահ Կ. Դանիելյանը, Կայուն զարգացման հանձնախմբի անդամները, շահագրգիռ գերատեսչությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Աշխատանքային խմբի և հրավիրվածների միջև ծավալվել է շահագրգիռ քննարկում Նպատակների կետերի, հիմնահարցերի, դրանց լուծման առաջարկների վերաբերյալ: «Էկոլոգիական» աշխատանքային խմբին վերաբերող «Կայուն զարգացման նպատակներն են. Ապահովել հասանելիություն և կայուն ձևով կառավարել ջուրն ու սանիտարական պայմանները բոլորի համար, Ձեռնարկել անհապաղ գործողություններ` պայքարելու կլիմայի փոփոխության և դրա ազդեցությունների դեմ, Ապահովել օվկիանոսների, ծովերի և ջրային պաշարների պահպանությունը և կայուն օգտագործումը` հանուն կայուն զարգացման, Պահպանել, վերականգնել և խթանել ցամաքային էկոհամակարգերի կայուն օգտագործումը, ապահովել անտառների կայուն կառավարումը, պայքարել անապատացման դեմ, դադարեցնել և շրջադարձել հողերի վատթարացումը, կասեցնել կենսաբազմազանության կորուստը, Ուժեղացնել կայուն զարգացման իրագործման միջոցները և ակտիվացնել գլոբալ գործընկերությունը հանուն այս նպատակի: Քննարկման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել 10-օրյա ժամկետում ներկայացնել կարծիքներ և առաջարկություններ, որոնք հաշվի կառնվեն ծրագրի իրականացման ժամանակ: Խ.Հակոբյանն առաջարկել է ծրագրի աշխատանքներում ներգրավել նաև մասնավոր սեկտորին, հասարակական այն կազմակերպություններին և գերատեսչություններին, որոնք ըստ իրենց Կայուն Զարգացման Նպատակների (ԿԶՆ)` ունեն առնչվող խնդիրներ: Հանդիպման ավարտին որոշվել է մեկ ամիս հետո հանդիպել աշխատանքային խմբի համալրված կազմով` նոր առաջարկությունների, հետագա քայլերի, Կայուն զարգացման նպատակների ցուցանիշների ճշգրտված փաթեթով: 3
