ՀՀ բնապահպանության նախարարությունում ապրիլի 22-ին կայացել է Գոշ լճի խնդիրներին նվիրված հանրային քննարկում՝ խնդրով մտահոգ քաղաքացիների և ԶԼՄ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ: Հանդիպման մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել ապրիլի 15-ին Ամերիկյան համալսարանում էկոտուրիզմի խնդիրներին նվիրված համաժողովի ընթացքում: Արծվիկ Մինասյանը շնորհակալություն է հայտնել պայմանավորվածության համաձայն հանդիպման կայացման համար, նշելով, որ շատ է կարևորում խոստումները կյանքի կոչելու ձգտումն ու ցանկությունը և փոխվստահությունը: «Իմ նպատակն ակտիվությունը ոչ միայն ընկալելի և համոզվածությանը համապատասխան պահանջների ձևակերպմանը նպաստելն է, այլ նաև դա ուղղորդել իսկապես իրական բնապահպանական խնդիրների լուծմանը: Եվ շատ եմ ուզում հավատաք այն կարևոր գաղափարին, որ բնապահպանության նախարարությունը պատրաստ է ոչ միայն սահմանադրությամբ և օրենքներով վերապահված գործառույթներն ամբողջությամբ իրացնել, այլ բնական ռեսուրսների ամբողջ կառավարման համակարգը իսկապես դարձնել պետության, հասարակության, մեր ապագա սերունդների համար կայուն զարգացման հիմք: Սա սկզբունք է, որից ես որևէ ձևով նահանջել չեմ կարող և, եթե ստանամ նաև ձեր՝ ակտիվ քաղաքցիների աջակցությունը, միայն շնորհակալ կլինեմ և պատրաստ իմ ամեն ջանք ու եռանդը ծառայեցնելու այս նպատակին»,-հանդիպման մեկնարկին նշել է նախարար Արծվիկ Մինասյանը: Ներկայում, նախարարը կրկին տեղեկացրել է, որ բոլոր աշխատանքները Վենդոր ՍՊԸ-ի կողմից դադարեցված են, կատարված աշխատանքի վիճակի գնահատումը կա, ուսումնասիրության հիման վրա նկատողություն է հայտարարվել անտառապետին, որը տեղեկացված պետք է լիներ ընկերության կողմից նման աշխատանքների մեկնարկի մասին: Նախարարը հայտնել է, որ նաև վարչական պատասխանատվության է ենթարկվելու ընկերությունը՝ առանց բնապահպանական փորձաքննության դրական եզրակացության լճի տարածքում աշխատանքներ նախաձեռնելու համար: Արծվիկ Մինասյանը բացառել է Գոշ լճի տարածքում որևէ գործողության իրականացումը, որը վնաս կպատճառի լճի և տարածքի էկոհամակարգին: Բնապահպանության նախարարը տեղեկացրել է, որ լճի ափամերձ տարածքից տիղմի հեռացումը կիրականցնի Ազգային պարկը՝ աշխատանքների ճիշտ կազմակերպման նկատառումով, սակայն սույն աշխատանքների ամբողջական ֆինանսավորումը կկատարի Վենդոր ՍՊԸ-ն: Անդրադառնալով բնապահպանների՝ ընկերության հետ պայմանգիրը լուծարելու հարցին, նախարարը նշել է, որ շարժվում են միայն օրենքով, որը հղում է տալիս պայմանգրային հիմունքներին և օրինականության շրջանակներից դուրս որևէ գործողություն չի իրականացվելու: Շուրջ երկու ժամ տևած հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել բնապահպանական բազմաթիվ խնդիրների, այդ թվում ապօրինի ծառահատումներին ու պահպանության խնդիրներին: Նախարարը նշել է, որ ներկայում ամբողջ համակարգում բարեփոխումների խնդիր կա և աշխատանքներ այդ ուղղությամբ նախարարությունը ձեռնարկում է: Հանդիպման ընթացքում բարձրացված մի շարք հարցերի ուղղությամբ նախարարը տվեց նաև հանձնարարականներ, այդ թվում, հենց Գոշ լճի տարածքում փակ աղբամանների տեղակայման, մուտքի վարձավճարների վերանայման ուղղությամբ: Նախարարի առաջարկով՝ բնապահպանության նախարարին կից կստեղծվի բնապահպանական խնդիրների հիմնահարցերով մտահոգ քաղաքացիների խորհուրդ, որը հնարավորություն կտա բնապահպանական հիմնահարցերի առնչությամբ ձեռքը պահել զարկերակին: Հանդիպման ժամանակ նախարարը բնապահպանական խնդիրների վերհանման և բնությանը հասցված վնասների բացահայտման ուղղությամբ իրականացրած հետևողական աշխատանքի համար շնորհակալագիր է հանձնել քաղաքացի Տիգրան Շահբազյանին:
